Ավտոմեքենայի սրահում սեռական հարաբերություն ունենալուց հետո երիտասարդը մարմնավաճառին կեղծ 20 հազար դրամ է վճարել
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ երիտասարդը մեղավոր է ճանաչվել կեղծ փողեր իրացնելու մեջ:
Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձից հագուստների վաճառքի դիմաց ստացել է 20 000 դրամ անվանական արժեքով մեկ հատ կեղծ թղթադրամ, հետագայում հասկանալով, որ նշված թղթադրամը կեղծ է, այն որպես հուշանվեր պահել է իր մոտ, ապա այն իրացնելու նպատակով, Հանրապետության հրապարակում ամբաստանյալը հանդիպել է մարմնավաճառությամբ զբաղվող իր ծանոթին, նրա հետ ուղևորվել ամայի տարածք, որտեղ ավտոմեքենայի սրահում սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ և ծառայության համար վճարելու եղանակով նրան իրացրել է նշված 20 000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 1-ին մասով:
Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր ճանաչեց և մինչ դատաքննություն սկսելը միջնորդեց դատարանին` դատական քննություն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացնում է կամավոր, խորհրդակցելով պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն իրականացնելու իրավական հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և իրեն լիովին մեղավոր է ճանաչում:
Դատարանն ամբաստանյալին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Ազատազրկման ձևով նշանակված պատժի ժամկետին հաշվակցել է նախնական կալանքի տակ գտնվելու 22 օրը և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում 2 տարի 11 ամիս 8 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Ընդհանուր իրավասության դատարանը վճռել է ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով` նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների իրականացման համապատասխան ծառայության վրա: Ընտրված խափանման միջոց գրավը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատարանը վճռել է նաև կեղծ թղթադրամը ոչնչացնել: