«Մինսկի խումբը ցանկանում է զարգացնել ժողովրդական դիվանագիտությունը զանազան հանդիպումների միջոցով». Կայծ Մինասյան

«ԵԱՀԿ Մինսկի խումբը հասկացել է, որ միայն պաշտոնական դիվանագիտությունը բավարար չէ ԼՂ հակամարտության լիակատար կարգավորման համար»,- 168.am-ի հետ զրույցում  այս մասին ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը` անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի դիտարկումներին: Երեկ ադրբեջանական  որոշ  լրատվական գործակալություններ գրեցին, որ  Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են ստեղծել աշխատանքային խմբեր՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Մամեդյարովն այս հայտարարությունն արել է երեկ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. «Ադրբեջանը Համաշխարհային բանկի հետ համատեղ նախագիծ է մշակել՝ կապված այն աշխատանքների հետ, որոնք կիրականացվեն իրենց տները հարկադիր վերաբնակների վերադարձից հետո»,- ասել է նա:

Ըստ Կայծ Մինասյանի, Փարիզում նախորդ տարվա վերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումն առանցքային նշանակություն է ունեցել հանդիպմանը և բանակցությունների ընթացքում հնչած  առաջարկների տեսանկյունից: Նրա խոսքով` որոշում էր կայացվել ակտիվացնել բանակցություններն ու ընդլայնել այդ ուղղությամբ աշխատանքները՝ Մեծ համաձայնության հասնելու նպատակով:

Այն, ինչ նկատի է ունեցել Մամեդյարովը, Մինասյանի խոսքով, փոքր-ինչ անհասկանալի է:  «Այն, ինչ ինձ է հայտնի, հետևյալն է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են բանակցությունների շուրջ փորձել շարժում, դինամիկա ստեղծել, նախաձեռնություններ իրականացնել հասարակությունների մակարդակով, այսինքն` ցանկանում են ակտիվացնել հակամարտող կողմերի հասարակությունների շփումները, ամրացնել կապերը: Օրինակ` նպատակներ կան հանդիպումներ կազմակերպել երիտասարդ քաղաքական գործիչների, լրագրողների միջև: Արդյո՞ք այս  աշխատանքի շուրջ համաձայնությունը նկատի ունի Մամեդյարովը, չեմ կարող ասել, բայց համանախագահները հասկացել են, որ ժողովրդական դիվանագիտությունը կարևոր է»,- մեկնաբանեց Մինասյանը` շարունակելով, թե համանախագահները հասկացան, որ միայն պաշտոնական դիվանագիտությունը քիչ է հակամարտության կարգավորման համար, պետք է շփվեն երեք կողմերի` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հասարակությունները:

Սա, Մինասյանի համոզմամբ, կարգավորման լծակ կդառնա համանախագահների ձեռքում: «Վերջնարդյունքում կհաջողե՞ն, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց, որ դրական նախաձեռնություն է, միանշանակ է:Կարծում եմ՝ աշխատանքային խմբեր ասելով՝ ամենայն հավանականությամբ, սա է նկատի ունեցել Մամեդյարովը»,- ասաց Մինասյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս