Պրահայում մեկնարկել է Աբաշիձե-Կարասին հանդիպումը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը չորսամսյա ընդմիջումից հետո առաջին անգամ այսօր հանդիպել են Պրահայում՝ քննարկելու համար մի շարք հարցեր:
Աբաշիձեի ու Կարասինի վերջին հանդիպումը Պրահայում տեղի էր ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 16-ին: Այն ժամանակ կողմերը չէին կարողացել պայմանավորվել հաջորդ հանդիպման շուրջ, ինչպես որ եղել էր նախորդ հանդիպումներում:
Աբաշիձեն այդ բանակցությունները որակել էր որպես ամենաբարդ և սուր՝ կապված Ռուսաստանի ու Աբխազիայի միջև դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր ստորագրելու հետ:
Այսօրվա հանդիպման ժամանակ կողմերը մտադիր են քննարկել երկու երկրների միջև մաքսային վարչական մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի գործնական գործարկման ու ապրանաքաշրջանառության հարցերը:
Ռուս-վրացական սահմանին, այդ թվում նաև աբխազական ու օսական հատվածներում բեռների հոսքի վերահսկումը պետք է իրականացնի շվեյցարական SGS ընկերությունը, որի հետ Վրաստանն ու Ռուսաստանը պլանավորում են պայմանագիր ստորագրել: