«ԲՀԿ-ն կարժանանա ԱԺ-ում գոյություն ունեցող մի շարք խամաճիկ կառույցների կարգավիճակին». Գառնիկ Մարգարյան

«Տեղի ունեցած ԲՀԿ-իշխանություն բախումները երկու օլիգարխիկ բևեռների բախում էր՝ երևի թե հարստությունը կամ տնտեսությունը վերաբախշելու նպատակով՝ զբաղեցնելով իշխանական թևեր և դրանով իսկ ավելի հարստանալ, կամ ավելի թալանել թալանված ժողովրդին և երկիրը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «Հայրենիք և պատիվ» կուսկացության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ խոսելով վերջին շրջանում ընթացքող ներքաղաքական զարգացումների մասին:

Ըստ նրա՝ իշխանության քայլերով ապացուցվեց, որ քաղաքական դաշտը Հայաստան երկրում մոնոպոլիզացված է. «Եվ ապագա ընտրությունների ժամանակ՝ լինեն հերթական, թե արտահերթ, մի քանի խամաճիկ կառույցների, ովքեր այսօր Ազգային ժողովում են 5-7 մանդատներով, տեղ կտրվի՝ աշխարհին և Եվրոպային ասելու, որ գիտեք՝ մեզ մոտ դեմոկրատիա է, իսկ հիմնական պակետը կանցնի Հանրապետական կուսկացության ձեռքը, և դրանով իսկ կապահովվի նորից հանցավոր ռեժիմի վերարտադրման պրոցեսը»:

Գ.Մարգարյանը կարծում է՝ այդ բախումների ընթացքում հստակ երևաց իշխանության երկու կողմերի բարոյական դեմքը: Ըստ նրա՝ երկրի առաջին աթոռը զբաղեցնել, չի նշանակում՝ իրավունք ունենալ իջնել փողոցի կամ փողոցային զրույցների մակարդակի. «Անգամ հանցագործին ոչ ոք իրավունք չունի ասելու հանցագործ, եթե չկա դատարանի որոշում: Երբ դիմում են մականուններով և այլն, սա անթույլատերլի է: Դա ապացուցեց իրենց թիմի ցածր որակի, ճղճիմ և թույլ լինելու կարգավիճակը»:

Գ. Մարգարյանի խոսքով՝ այժմ ներքաղաքական կյանքում հարբերական անդորր է: Նրա գնահատմամբ՝ «Բարգավաճ Հայաստանը»՝ որպես քաղաքական կառույց, չի գոյատևի, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ որպես քաղաքական գործիչ, այլևս չի կարող հանդես գալ, որովհետև, ըստ նրա՝ իր հետևից գնացող զանգվածը հիասթափված է: «Ես ամիսներ առաջ ասում էի, որ այդ եռյակից ոչինչ չի ստացվելու, այնտեղ, որտեղ չկա նպատակ, չկա ռազմավարություն երկրի հետ կապված՝ այնտեղ ոչինչ չի ստացվի, նշանակում է կան նեղ շահեր»:

168.am-ի հարցին՝ հավանակա՞ն եք համարում, որ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա կուսակցությունից և կդառնա անկուսակցական պատգամավոր, Գ. Մարգարյանն այսպես պատասխանեց.

«Ես արդեն նշեցի, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը՝ որպես այդպիսին, արդեն մարել է, նա կորցրել է զանգված, կորցրել է բարոյական քաղաքական իր իմիջը: Հիշո՞ւմ եք՝ նա ասում էր՝ «մենք պայքարելու ենք մինչև վերջ», ո՞ւր է: Կարծում եմ՝ այսօր պառլամենտում գոյություն ունեցող մի շարք խամաճիկ կառույցներ կան՝ լինի դա «Կոնգրես» կոչվածը, մյուսները և այլն, այդպիսի մի կարգավիճակի կարժանանա նաև ԲՀԿ-ն, միգուցե, Եվրոպայում, աշխարհի առաջ արդարանալու համար կասեն՝ «Բարգավաճ Հայաստանը» 5 տեղ ունի, 7 տեղ ունի»:

Հարցին էլ՝ կարծում եք՝ ԲՀԿ-ն կտրոհվի՞, Գ. Մարգարյան պատասխանեց, որ հիմա արդեն շատ մարդիկ են լքում այդ կուսկացությունը:

Մենք Գ.Մարգարյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է ինքը գնահատում Ռոբերտ Քոչարյանի դերակատարումն այս պրոցեսներում: Ի պատասխան նա ասաց, թե այս բախումների հետևանքով Ռոբերտ Քոչարյանը՝ որպես քաղաքական գործիչ, վերջնականապես դուրս շպրտվեց քաղաքական դաշտից: Նա Ռ. Քոչարյանի վերադարձը քաղաքականություն բացառում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս