Գալուստ Սահակյան. «Հովիկ Աբրահամյանը մինչև ուշ գիշեր զբաղվում է իր գործով, ոչ թե բիզնեսով»
«Մեր ժողովուրդը պետք է հպարտանա, որ ինչքան հնարավորինս բզինեսներ ունենք Հայաստանում, այնքան ավելի հզոր տնտեսություն կունենանք: Տարբերությունը հետևյալն է, բիզնես ունենալն այլ խնդիր է, բիզնեսով զբաղվելը՝ այլ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե ինքը որևէ բիզնես չունի և որևէ բինզեսի հետ սերտաճած չէ:
Գ.Սահակյանը վկայեց, որ Հովիկ Աբրահամյանը մինչև ուշ գիշեր զբաղվում է իր գործով, ոչ թե բիզնեսով: Նա նշեց, որ վարչապետի ընտանիքը կարող է ունենալ բիզնեսներ և դա օրենքի պահանջ է: Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի բիզնեսներին՝ Գ.Սահակյանը ասաց, որ Նաղդալյանը չի կարող զբաղվել բիզնեսով. «Ես լավ եմ զգում, երբ մարդիկ զբաղվում են բիզնեսով, սակայն պետական պաշտոնյան չպետք է զբաղվի»:
Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ԱԺ նախագահն ասաց, որ նա էլ կարող է զբաղվել բիզնեսով, բայց պետք է կողմնորոշվի՝ բիզնեսով է զբաղվելու, թե քաղաքականությամբ:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Գ.Ծառուկյանից հետո Հովիկ Աբրահամյանը դառնա թիրախ, Գ.Սահակայնը պատասխանեց. «Հայ ժողովուրդը բավական պարզ ու վճիտ երևակայություն ունի: Մարդն ամեն օր կարող է վատ բաներից խոսել և երբեք լավ բանից չխոսել»:
Գ.Սահակյանի կարծիքով՝ Հայաստանին ավելի անհրաժեշտ է բիզնեսը, քան քաղաքական գործունեությունը, իսկ վերջինով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, որոնք տարիներ շարունակ անցել են փորձությունների ճանապարհով, ունեցել են կտտանքներ, վերելքներ և վայրէջքներ: Ըստ նրա՝ այսօր Հայաստանում ոչ բոլորն են պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, բաց եթե հիմա զբաղվում են, հետո կդառնան քաղաքական գործիչ և դա կգնահատի ժողովուրդը: Նա հիշեց, որ 2000 թ-ին իրեն կոչում էին քաղաքական գործիչ, թեև ինքն անձամբ իրեն այդպիսին չի համարել. «2005-2006-ից հետո ինձ համարեցի քաղաքական գործիչ, որովհետև դա գործիչների տրադիցոին շարունակությունն էր»:
Նա խուսափեց համեմատել, թե ով է ավելի լավ քաղաքական գործիչ՝ Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ Առաքել Մովսիսյանը, բայց նրանցից ոչ մեկին էլ քաղաքական գործիչ չանվանեց. «Մինչև հիմա Առաքել Մովսիսյանի վրա կան հաղթանակի արյան բծեր, իսկ Ծառուկյանին էլ կարելի է խրախուսել, որ լուրջ հաջողություններ բերեց տնտեսական գործընթացներին»: