Լավրովն արևմտյան ԶԼՄ-ներին կոչ է արել ընդունել, որ հրադադարն էական արդյունքներ է տվել Դոնբասում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրատեսական չի համարում հրադադարի հարցում Ուկրաինայի առաջ քաշած պայմանները.
«Մեծ հաշվով առաջ են քաշվում ծիծաղելի պահանջներ, որոնք ամբողջովին պաշտպանում են կիևյան իշխանությունների տեսակետը, իսկ ինչպես գիտեք, նրանք հայտարարել են, որ սկսելու են հետ քաշել ծանր սպառազինությունը, եթե միայն մեկ կամ երկու օր լռություն պահպանվի առանց գեթ մեկ կրակոցի:
Մենք բոլորս հիանալի հասկանում ենք, որ չեն լինում իդեալական հրադադարներ, հրադադարի ռեժիմներ: Երբ երեկ չէ առաջին օրը Փարիզում տեղի ունեցավ արտգործնախարարների մակարդակով «նորմանդական քառյակի» հանդիպումը, մեր գերմանացի գործընկերն ամբողջովին համաձայնվեց նրա հետ, որ քանի դեռ չի սկսվել ծանր սպառազինության հետ քաշումը, միջադեպերի ռիսկերը կլինեն անհամեմատ ավելի շատ, քան՝ հակառակ դեպքում»:
Լավրովի խոսքերով՝ հրադադարն էական արդյունքներ է տվել Ուկրաինայի հարավ-արևելքում, ԵԱՀԿ-ի դիտորդները ֆիքսել են փոխհրաձգությունների զգալի անկում: Լավրովն արևմտյան ԶԼՄ-ներին կոչ է արել ընդունել, որ հրադադարը տվել է արդյունքներ, ընդ որում՝ էական: