
6 մլն դրամ՝ ձկան պաշարի պահպանության և վերարտադրության համար

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը 2015 թվականի պետական բյուջեից 6 000 000 դրամ կհատկացնի հիմնականում Սարսանգի եւ Մատաղիսի ջրամբարներում ձկան պաշարի պահպանության եւ վերարտադրության համար: Խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլեւ արտադրական:
Ժամանակին այս ջրամբարների ձկնարդյունավետությունը բավականին բարձր էր: Տեղական, էնդեմիկ տեսակների հետ այդտեղ 70-ական թվականներից նաեւ կլիմայավարժեցված տեսակներ են առկա:
Սակայն վերջին 20-ամյակում կլիմայավարժեցված տեսակները` ծածանն ու կարասը սկսեցին դուրս մղել տեղական ձկնատեսակներին, մասնագետների կարծիքով՝ ներկայումս դոմինանտ ձկնատեսակ կարելի է համարել Կարասը, ինչը ջրավազանների էկոհամակարգերի համար հղի է լուրջ հետեւանքներով, քանի որ այդ ձկնատեսակը դարձել է լուրջ մրցակից էնդեմիկ ձկնատեսակների համար` որպես սնունդ օգտագործելով վերջիններիս ձկնկիթն ու մանրաձուկը:: Միեւնույն ժամանակ ջրամբարներում կերային բազան կրճատվել է:
Նախատեսվող միջոցառումների արդյունքում պետք է նվազի կարաս ձկնատեսակի արդյունավետությունը եւ հակառակը մեծանա ծածանազգիների եւ էնդեմիկ տեսակների` կողակի եւ թեփուղի քանակը:
Ադապտացված տեսակների պահպանությանը զուգընթաց նախատեսվում է նաեւ մեր ջրավազաններում արդեն հազվագյուտ մուրցա եւ կարմրախայտ ձկնատեսակների պոպուլյացիաի պահպանություն:
Սա առաջին դեպքն է, որ պետական բյուջեից գումար է հատկացվում կոնկրետ կենդանատեսակի պահպանության համար:
Հիշեցնենք, որ 2014 թվականին Արցախում հայտարարվել է ձկնկիթի արտադրության կազմակերպման մասին: Առաջին ներդրումները կատարվել են Մատաղիս գյուղում, որը գտնվում է Մատաղիսի ջրամբարի ափին: