Ավետիսյանների դուստր. «Շատ եմ խնդրում՝ եթե ինչ-որ բան կա, ինձ ասեք, ոչ մեկի չեմ ասի, թող ես իմանամ, որ ես հանգիստ լինեմ, իմ երեխաներն էլ ինձ հետ չտանջվեն»

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդներն այս պահին տեղեկատվության խիստ կարիք ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ իրենք ծանոթանում են օրենքով սահմանված կարգով իրենց ներկայացվող նյութերին, սակայն այս պահին տուժողների իրավահաջորդներն ավելի մեծ ծավալի տեղեկատվություն են ակնկալում, որոնց գուցե այս պահին քրեական գործում չկան:

«Ակնկալում են, որ հնարավորինս ավելի արագ նախաքննություն իրականացվի, որովհետև նրանց համար ամեն ժամ, ամեն օր բավականին անհանգիստ վիճակ է»,- ասաց փաստաբանը: Նրա խոսքով՝ տուժողների իրավահաջորդների համար ոչ թե քննության ընթացքն է կարևոր, այլ գործի բացահայտումը և էական հանգամանքների պարզաբանումը: Փաստաբանը նշեց նաև, որ այս պահին չեն կարող սպառիչ պատասխան տալ՝ արդյոք գործի նախաքննությունն արդյունավե՞տ է ընթանում, թե՞ ոչ, քանի որ քրեական գործի բոլոր նյութերին այս փուլում ծանոթ չեն:

Ավետիսյանների դուստրը՝ Լուսինե Ավետիսյանն ասաց, որ իր համար այս պահին ամենակարևորն այն է, որպեսզի ՀՀ քննչական կոմիտեում իրենց ավելի շատ տեղեկություններ հաղորդեն: «Կարևոր չէ՝ լրատվամիջոցները դա կհրապարակե՞ն, թե՞ ոչ: Ինձ միայն դա է հետաքրքրում, որ ինձ ավելի շատ տեղեկատվություն տան, որովհետև ես ամեն օր պառկել-քնելուց մտածում եմ, որ հենց հիմա ինձ կզանգեն ու ինչ-որ բան կասեն: Ոչ մեկ չի զանգում: Ինձ մոտ, իմ ընտանիքի մոտ անհանգիստ իրավիճակ է: Երկու երեխա ունեմ: Երկուսն էլ հենց տեսնում են, որ լաց եմ լինում, ասում են՝ ինչո՞ւ ես լացում, ինչո՞ւ ես տխուր: Իրենք չգիտեն ոչ մի բան: Ուղղակի խնդրում եմ ես, շատ եմ խնդրում՝ եթե ինչ-որ բան կա, կանչեք, ինձ անհատական ասեք, ես ոչ մեկի չեմ ասի, թող ես իմանամ, որ ես հանգիստ լինեմ, իմ երեխաներն էլ ինձ հետ չտանջվեն: Իմ պահանջն այդ է, որ ինձ ավելի ստույգ տեղեկատվություն տան գործի առումով, արագ քննություն կատարեն ու գործի առումով ինձ ավելի շատ բան հասցնեն»,- ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ իրեն պետք է իմանալ, թե ինչու ընտրվեց հենց իրենց տունը, իր հարազատները:

Երեմ Սարգսյանն էլ նշեց, որ տեղեկություններ տարածվեցին, թե իրավահաջորդները դժգոհ են իր գործողություններից և հրաժարվում են իրենից. «Իհարկե, արդեն իսկ նրանց ներկայությունը հակառակի մասին է խոսում»: Երեմ Սարգսյանի խոսքով՝ առաջին իսկ օրվանից իրենք քննարկել են որպես իրավահաջորդների ներկայացուցիչներ այլ փաստաբանների ներգրավումն այս գործում, և դա ողջունվել է թե իր, թե իրավահաջորդների կողմից:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների հարազատներից տիկին Ռիտայի այն հայտարարությանը, թե Երեմ Սարգսյանն անգամ իրեն տեղեկատվություն չի փոխանցում, նա ասաց, թե իր կարծիքով դա ընդամենը սխալ ձևակերպում է եղել: Նա նշեց, որ տեղեկատվությունը, որին ինքը տիրապետում է նախաքննական մարմնից կամ իր մասնավոր գործողությունների արդյունքում, փոխանցում է հարազատներին. «Այլ բան է, որ ես ինքս չունեմ հարցերի պատասխանները, թե իրականում ինչ դրդապատճառով է կատարվել հանցագործությունը, ինչու հենց այդ տունը, ի վերջո Պերմյակովի հետ եղե՞լ են այլ անձինք, թե՞ ոչ»:

Սերյոժա Ավետիսյանի իրավահաջորդ Եգոր Ադամյանն էլ ասաց, որ երեք իրավահաջորդները ցանկանում են, որպեսզի լինեն փաստաբաններ, ովքեր կացանկանան աշխատել իրենց և իրենց ներկայացուցիչ Երեմ Սարգսյանի հետ: Ավետիսյանների մյուս դստեր ամուսինը՝ Արթուր Կոշտոյանն էլ ասաց. «Այս պահին ես իմ ու իմ կնոջ անունից ասում եմ, որ Երեմ Սարգսյանի հետ կապված անվստահության որևիցե խնդիր մենք չենք ունեցել ի սկզբանե: Ես պատրաստ եմ իր հետ աշխատել, շարունակել մեր աշխատանքը»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ «Ի սկզբանե եղել են դեպքեր, երբ հարազատներից ոմանց համոզել են, որ իմ ծառայություններից հրաժարվեն և իրենցն ընդունեն»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ վերջերս ականատես ենք լինում, որ հնչեղություն ունեցող գարծերով հայտնվում են մարդիկ, որոնք փորձում են անձնական շահեր առաջ տանել:

Ավետիսյանների դուստրը՝ Լուսինե Ավետիսյանն ասաց, որ պահանջում է՝ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել հայկական կողմին. «Թե ինչպես է հայտնվել այնտեղ, չեմ կարող հասկանալ: Որպես իրավահաջորդ՝ ես ուզում եմ ու պահանջում եմ, որ իրեն տեղափոխեն այստեղ, տան մեր հայկական կողմին»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ իրենց համար բացարձակ ընդունելի չէ այն վարկածը, թե Վալերի Պերմյակովը տուն է մտել ջուր խմելու նպատակով: «Բացարձակապես հավատ չի ներշնչում, քանի որ իրավահաջորդները լավ ծանոթ են տեղանքին, իսկ ես գնացել, ուսումնասիրել եմ ռազմաբազայից դեպքի վայր, դեպքի վայրից դեպի Բայանդուր հատվածը, և անկեղծ ասած՝ ես չեմ կարող պատկերացնել, թե ոնց կարող է ինքը ռազմաբազայի տարածից հասնել հենց այդ բնակարան, որովհետև ճանապարհը հստակ, ուղիղ չէ, այնտեղ այնքան հատվող ուղիներ կան, նեղ փողոցներ կան, մինչև այդ հատվածը բազմաթիվ բնակելի տներ կան, և այնպես չէ, որ հենց այդ տուն պետք է հասներ՝ ջուր խմելու համար: Այս առումով մենք որոշակի կասկածներ, անհանգստություն ունենք, բայց դեռևս դրա սպառիչ պատասխանը չունենք»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս