Հայաստանի քաղաքացիները կես տարում Ռուսաստանում կարող են առանց գրանցման գտնվել 90 օր

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության խորհուրդն այսօր վավերացրել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև քաղաքացիների կեցության փոխադարձ կարգի մասին համաձայնագիրը:

Փաստաթղթի համաձայն` Հայաստանի քաղաքացիները, որոնք ժամանակավորապես գտնվում են Ռուսաստանի տարածքում, և Ռուսաստանի քաղաքացիները, որոնք ժամանակավորապես գտնվում են Հայաստանի տարածքում ազատվում են հյուրընկալող պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում պարտադիր գրանցման պատասխանատվությունից:

Մասնավորապես, Հայաստանի քաղաքացիները, որոնք ավելի վաղ պարտավոր էին Ռուսաստան ժամանելուց հետո 30 օրվա ընթացքում միգրացիոն հաշվառման կանգնել, այժմ ընդհանուր առմամբ 180 օրվա ընթացքում կարող են 90 օր Ռուսաստանի տարածքում գտնվել առանց գրանցման:

Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Եկատերինա Եգորովան հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիները կազմում են ԱՊՀ երկրներից Ռուսաստան միգրացիոն հոսքի 5 տոկոսից էլ քիչ.

«Մենք այստեղ չենք տեսնում միգրացիոն որևէ սպառնալիք: Հայաստանից եկող ներգաղթյալների գրանցման այդ կարգն արդեն իսկ կիրառվում է ժամանակավոր հիմունքով և բացասական որևէ ազդեցություն չի ունենա միգրացիոն իրավիճակի վրա»:

Հայաստանի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների և Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների կեցության կարգի վերաբերյալ երկու երկրների կառավարությունների միջև համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հուլիսի 11-ին, Սոչիում:

Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների մնալու նոր կանոնների գործարկումը կապված է 2015 թվականից ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Համանման համաձայնագրեր արդեն իսկ գործում են Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիների համար:

Տեսանյութեր

Լրահոս