«Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմի կառավարումը վերանում է Հայաստանում». Աշոտ Մանուչարյան
«Լավն այն է, որ աշխարհում փողի, շահի վրա հիմնված համակարգը, որը մարդուն ստրուկ էր պահում՝ ոչնչացվում է»,- այս կարծիքին է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, որը, այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով քաղաքական զարգացումների մասին, նշեց, թե այս զարգացումների մեջ կա և՛ վատ լուր, և՛ լավ:
Նրա խոսքով՝ վատն այն է, որ Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ մի քիչ ուրիշ ուղեծիր՝ պատրաստ այդ մարտերին, որպես ակտիվ շինարար, նորը կառուցող.
«Այս վատ լուրի մեջ կա նաև լավ կողմ, այդ խանգարող հանգամաներից մեկը ներքին կյանքում այս վերջին 15 տարում Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմն էր, որով կառավարվում էր Հայաստանը: Երկու մարդ բաժանել էին իրար մեջ աշխարհաքաղաքական ուղղությունները, որ պետք է սպասարկեին, այսինքն՝ որ ուժն էլ հաղթում էր, իշխանությունը մնում էր նրա ձեռքում: Հետո էլ՝ մեկին պատկանում էր իշխանությունը, մյուսին՝ ընդդիմությունը: Կարևոր չէ, թե ինչպես է արտահայտված՝ բացահա՞յտ, թե՞ ոչ բացահայտ ձևով»:
Ա. Մանուչարյանը նկատեց, որ վերջին տարիներին Ռոբերտ Քոչարյանը ստեղծել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, և նա գործում էր թատերաբեմում որպես այդպիսին:
«Հիմա՝ ի՞նչ պատճառներ եղան, ինչո՞ւ Ծառուկյանի հետ այդ ամենը պատահեց, խնդիրը սա չէ: Խնդիրն այն է, որ Ծառուկյանին դուրս դնելով քաղաքականությունից՝ Ռոբերտ Քոչարյանը դադարում է քաղաքական տանդեմի մասնակից լինել, հետևաբար՝ տանդեմային կառավարումը վերանում է Հայաստանում, ինչը շատ կարևոր է»,- նշեց բանախոսը՝ ասելով նրա նրանք «փողի տանդեմ» են:
Ըստ Ա. Մանուչարյանի՝ յուրաքանչյուր համակարգ իրեն պահպանելու համար ունի լծակներ: Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի համար այդ լծակը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր, որն, ըստ նրա՝ արդեն վերանում է.
«Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է, հսկայական բացասական կողմեր ունի և այլն, բայց այդ համակարգի հիմքում ինքն էր, իրեն եթե հանում ես, անգամ եթե պահեն կուսակցությունը, ինչպես հիմա ուզում են անել, արդեն առանց Գագիկ Ծառուկյանի՝ այդ կուսկացությունն արդեն ի վիճակի չէ տանդեմի գործողություններ ապահովել, անգամ եթե Ռոբերտ Քոչարյանը դառնա այդ կուսակցության նախագահը»:
Մանրամասները՝ տեսանյութում: