Ռուբեն Հակոբյանը գաղտնիքը բացեց. «Եռյակը պայմանավորվել էր միասին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ». «Ա1+»
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր մի գաղտնիք է բացել Ծառուկյան-Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան վերջին հանդիպումներից։
«Մենք պայմանավորվածություն ունեինք, որ եթե Սերժ Սարգսյանի հետ հանդիպում պետք է լինի, որտեղ պետք է քննարկվեն այս գործընթացները, քաղաքական գործընթացները, որոնք ծավալվում են երեք քաղաքական ուժերի ղեկավարությամբ, անպայման այդ հանդիպմանը պետք է մասնակցեն երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները»,- ասում է նա։
Գագիկ Ծառուկյանը, Ռուբեն Հակոբյանի ենթադրությամբ, եռյակի մյուս ուժերին Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մասին տեղյակ չի պահել, որովհետեւ բռնություններ են կիրառվել. «Բարգավաճականների ոստիկանություն տանելը, ես տեղյակ եմ, որ նույնիսկ Բալահովիտ գյուղը տեռորի է ենթարկվել, այդ գյուղում հիմնականում մարդիկ աշխատում են Գագիկ Ծառուկյանի համապատասխան կառույցներում»։
Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց պայքարից՝ հայտարարելով, որ այլընտրանքը արյունահեղությունն է։ ՀՀԿ-ն գլխի էլ չընկավ, որ ցուցմունք տվեց. «Ցուցմունքը հետեւյալն է, որ մենք արյունահեղություն ենք անելու, եթե դուք հավաքվեք Ազատության հրապարակում»։
Ընդդիմությունը զենքով չէր գնալու հրապարակ, հետեւաբար արյուն թափողը իշխանությունն էր։ Ռուբեն Հակոբյանը չի կարծում, որ իշխանությունը կգնար նման ռիսկի, դա ուղղակի հոգեբանական գրոհ էր Ծառուկյանի հանդեպ. «Մարտի 1-ից հետո չեմ կարծում, որ որեւէ իշխանություն իրան թույլ կտա արյունահեղություն»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: