Անվանափոխվել են Քաշաթաղի և Շահումյանի շրջանների մի շարք համայնքների աշխարհագրական օբյեկտների անուններ
Ընթացիկ տարում Արցախում 11 մշակութային և 9 երիտասարդական միջոցառումներ իրագործելու համար պետբյուջեի միջոցներից կհատկացվի մոտ 138 մլն դրամ:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային և երիտասարդական միջոցառումների ծրագիրը հավանության է արժանացել ԼՂՀ կառավարության այսօր կայացած հերթական նիստում, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը։
Կառավարության որոշմամբ՝ անվանափոխվել են ԼՂՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջանների 26 համայնքների աշխարհագրական օբյեկտների անվանումները` օտարահունչ և ոչ բարեհունչ անուններից ձերբազատվելու և պատմական անվանումները վերականգնելու պահանջից ելնելով:
Կառավարության հավանությանն արժանացած՝ կենդանական աշխարհի պահպանության և վերարտադրության միջոցառումների այս տարվա ծրագրի իրագործման համար պետական բյուջեից կհատկացվի 6մլն դրամ: Հիմնականում աշխատանքներ կտարվեն Մատաղիսի և Սարսանգի ջրամբարներում հատուկ ձկնատեսակի բազմացման ուղղությամբ:
ԼՂՀ բնության հուշարձանների անձնագրերի կազմման աշխատանքների համար պետբյուջեից կտրամադրվի 2մլն դրամ: Արդյունքում ակնկալվում է սահմանել հանրապետության բնության հուշարձանների չափերը, քարտեզ-հատակագծերը և հուշարձանների ու դրանց պահպանման գոտու սահմանների նկարագիրը, ունենալ բնության հուշարձանների մշակված անձնագրերը և ստեղծել ԼՂՀ բնության հուշարձանների երկրատեղեկատվական բազա: Հանրապետությունում գիշատիչների գլխաքանակի կարգավորման միջոցառումների ծրագրով իրականացվելիք միջոցառումների համար 5մլն դրամ է նախատեսված, իսկ պետական անտառային ֆոնդում անտառային միջոցառումների ծրագրի ապահովման համար` մոտ 9 մլն 800 հազար դրամ: Ծրագրի նպատակն է պետական անտառային ֆոնդի տարածքներում իրականացնել անտառի բնական վերականգնման օժանդակման միջոցառումներ: