Հակոբյանը՝ ԲՀԿ-ի մասին. «Պարզվում է, որ քաղաքական երկրորդ ուժը կարող է ժամերի ընթացքում եթերից վերանալ»

«Ընդդիմությունը հիվանդ չի, եթե հիվանդ է, մենք բոլորս ենք հիվանդ: Ցինիզմը ուր է հասել, եթե արտագաղթի մեջ մեղադրում են ընդդիմությանը»,- այսօր ԱԺ-ում Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Նա խիստ որակումներ հնչեցրեց ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի մասին ու նշեց, որ Սարգսյանը կատարելագործված ձևով կրկնեց Լևոն Տեր-Պետրոսյանի քայլը: Հակոբյանը նշեց, որ մի անգամ կարելի է նստել, ներկայացնել նախկինի դրականն ու բացասականը, ընդունել սխալները, որ այլևս չվիրավորեն միմյանց: Նա շեշտեց, որ միայն ամբողջական ճշմարտությունը կարող է խոսել ճշմարտության մասին:

«Սա միանշանակ քաղաքական ճգնաժամ է: Ավելի լավ կլիներ, եթե լիներ կառավարման ճգնաժամ, որովհետև կարելի էր կառավարության ծրագիրը փոխել: Բայց սա զտարյուն քաղաքական ճգնաժամ է: Դրա ցուցիչը, երևակը ԲՀԿ-ի հետ կատարվածն է: Պարզվում է, որ քաղաքական երկրորդ ուժը կարող է ժամերի ընթացքում եթերից վերանալ,- ասաց Հակոբյանն ու հավելեց,- Կուզեմ, որ պահի տակ լինի գրված Սերժ Սարգսյանի ելույթը: Ես այդքան հակասահմանադրական, հակաօրինական ելույթ չէի լսել: Դուք խնձորներ եք դրել Սերժ Սարգսյանի թևերի տակ ու ասում եք՝ էս 5000 տարի ո՞նց ենք ապրել առանց քեզ»:

Նրա խոսքով՝ ՀՀԿ նիստում ասվում է` բիզնեսը պետք է տարանջատել, իսկ րոպեներ անց ստեղծվում է հակակոռուպցիոն հանձնաժողով, որ գլխավորում են Հովիկ Աբրահամայնն ու Գագիկ Խաչատրյանը: Հակոբյանը նշեց, որ պետք է ՀՀԿ-ի բիզնեսմեններին Սարգսյանն ասեր, որ «դու, դու, դու այլևս քաղաքականությամբ չեք կարող զբաղվել», ինչը կողջուներ ընդդիմությունը:

ԲՀԿ հանդեպ կատարվածը Հակոբյանը որակեց որպես բռնություն. «Եթե բորդելներ էին, աղջիկներին գնացին՝ բռնեցին, հետո որոշակի հաշտությունից հետո պարզվեց, որ բորդելներ չէին, ձյունանուշիկներ էին: Երկու սենյականոց բնակարանի չափ տարածք ենք, բոլորս բոլորիս ճանաչում ենք, եկեք նստենք բաց քննարկենք: Իմ մեջ մեծ տագնապ կա, որ գնում ենք կործանման»:

Տեսանյութեր

Լրահոս