
Տեղացած ձյունը դրական ազդեցություն է ունեցել հողագործության համար

Վերջին օրերին տեղացած առատ ձյունն, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն կունենա հացահատիկայինների ցանքսերի և պտղատու այգիների համար։
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը:
«Մինչ ձյան տեղալը, օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ծառերի վաղաժամկետ վեգետացիայի նախանշաններ կային, ինչը ջերմաստիճանի կտրուկ նվազման դեպքում ծաղիկների ցրտահարման, և հետևաբար բերքի կորուստի պատճառ կարող էր հանդիսանալ»,- պարզաբանեց Վ. Ավետիսյանը՝ հավելելով, որ ձյունն առատ խոնավության երաշխիք է հացահատիկայինների համար, բացի այդ , ջերմաստիճանի նվազումը կանխեց պտղատու ծառերի անժամանակ բողբոջումը։
Ոլորտի պատասխանատուի հավաստմամբ, տեղացած ձյունն ու ցածր ջերմաստիճանը բացասական ազդելով մկնանման կրծողների արագ բազմացման վրա, միաժամանակ վտանգավոր չեն հացահատիկայինների և բազմամյա մշակաբույսերի ցանքատարածությունների, ինչպես նաև պտղատու ծառերի ու խաղողայգիների համար։