
Ռուսաստանն ու Կիպրոսը ստորագրելու են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր

Ռուսական ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը, ով փետրվարի 24-27-ին պաշտոնական այցով ժամանելու է Մոսկվա, հայտարարել է, որ Մոսկվայում ստորագրվելու է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:
Անաստասիադիսը հավելել է, որ իր մոսկովյան այցի ժամանակ ստորագրվելու է նաև հումանիտար բնույթի երկու փաստաթուղթ, որոնք առնչվում են ռուսական նավերի ու ինքնաթիռների կողմից կիպրական նավահանգիստներից ու օդանավակայաններից օգտվելու հնարավորությանը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ու Կիպրոսի միջև արդեն իսկ առկա է ռազմական համագործակցության մասին համաձայնագիր, և որ Մոսկվայում դա պարզապես վերականգնվելու ու այժմեականացվելու է:
Կիպրոսի նախագահը հերքել է Ռուսաստանի կողմից Կիպրոսում բազա ստեղծելու մասին շրջանառվող լուրերը՝ մանրամասնելով, որ ռուսական մարտական ինքնաթիռներն ու ռազմանավերը Կիպրոսի նավահանգիստներից ու օդանավակայաններից կօգտվեն բացառապես վթարային իրավիճակներում կամ հումանիտար գործողություններ իրականացնելիս: