Մարգվելաշվիլին Պորոշենկոյին հրավիրել է Վրաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ով Ուկրաինայում մասնակցել է Եվրամայդանի մեկամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հրավիրել է Թբիլիսի:

Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը: Իր ուկրաինական այցի շրջանակներում Մարգվելաշվիլին Պորոշենկոյի հետ հանդիպել է ինչպես «տետ-ա-տետ» ձևաչափով, այնպես էլ՝ ընդլայնված կազմով:

Հանդիպման ժամանակ Մարգվելաշվիլին Պորոշենկոյին հրավիրել է Վրաստան, իսկ Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել նրան ու վրացական պատվիրակությանը՝ «Արժանապատվության երթին» մասնակցելու համար: Պորոշենկոն հավելել է, որ մեծապես ցանկանում է այցելել Թբիլիսի, և անպայմանորեն կանի դա, երբ ստեղծվի նման հնարավորություն:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող կարևոր բոլոր հարցերը, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ընդգծվել է Արժանապատվության երթի անցկացման կարևորությունը: Մարգվելավիլին ցավակցություն է հայտնել երեկ Խարկովում գրանցված պայթյունի կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս