
«Իսլամական պետության» զինյալները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը

Elaf պորտալի փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» զինյալները պայթեցրել են Իրաքի Մոսուլ քաղաքի կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով մոտ 10.000 գիրք: Գրադարանի տնօրենը հայտնել է, որ պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել եռահարկ շինությունում:
Զինյալները գրադարանի բակում խարույկ են վառել՝ այրելով Իրաքի մշակութային ժառանգություն հանդիսացող գրքերն ու ձեռագրերը: Դրանց թվում են հայտնվել նաև մշակույթի, փիլիսոփայության պատմության հազվագյուտ օրինակներ:
Զինյալներն իրենց այդ քայլը պատճառաբանել են նրանով, որ այդ գրքերն ու ձեռագրերը «բորբոքում էին այլակարծություն»: Նշվում է, որ վերջին շաբաթներին զինյալներն ավերել են ևս մի շարք գրադարաններ՝ ոչնչացնելով դրանցում պահվող ավելի քան 100.000 գիրք: