Վրաստանի կառավարությունը մտադիր է վերանայել 5 տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի կառավարությունը մտադիր է վերանայել երկրի 5 տոկոսանոց տնտեսական աճի մասին կանխատեսումը և կրճատել ծախսերը` կապված տնտեսական իրավիճակի վատթարացմանը:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Նա փետրվարի սկզբին հայտարարել էր, որ երկրի իշխանությունները պլանավորում են 2015 թվականին տնտեսական զգալի աճ:
Վրաստանի կառավարությունը կանխատեսել էր 5 տոկոսանոց տնտեսական աճ: Սակայն ազգային արժույթի` լարիի արժեզրկումը կասկածի տակ է դրել այդ կանխատեսումը: Գարիբաշվիլին հայտարարել է.
«Մենք պատրաստվում ենք վերանայել տնտեսական աճի ցուցանիշը: Օրինակ, Ադրբեջանը հայտարարել է, որ իրենց տնտեսական աճը կազմելու է 1.5 տոկոս, Հայաստանն ու Մոլդովան` 0 տոկոս, Եվրոպայում` 1 տոկոս, առավելագույնը` 2 տոկոս:
Մենք բնականաբար չենք կարող բացառություն լինել: Մենք պլանավորել էինք 5 տոկոսանոց աճ, սակայն այս իրավիճակում մենք հարկադրված ենք վերանայել այն: Մենք մոտակա օրերին կսկսենք հասարակության հետ ակտիվ քննարկումները:
Լարիի փոխարժեքի անկումը բացասական ազդեցություն է ունեցել քաղաքացիների տնտեսական դրության ու ընկերությունների ֆինանսական արդյունքների վրա, և կառավարությունը պատրաստ է «ձգել գոտին»:
Մենք ստիպված կլինենք կրճատել նաև վարչական ծախսերը: Պետք է վերանայել ամեն ինչ, որպեսզի առավելագույն նպատակմղվածությամբ ու ռացիոնալ ծախսվի մեր բյուջեն»: