Թուրքիան Սիրիայի տարածքից տարհանել է իր զինծառայողներին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրքական բանակը հաջողությամբ Սիրիայից տարհանել է Սուլեյման Շահի դամբարանի տարածքը պաշտպանող իր 40 զինվորներին:

Նախորդ տարվա սեպտեմբերից սկսած` դամբարանի շուրջ ընկած տարածքները հայտնվել են «Իսլամական պետության» վերահսկողության ներքո: Գործողությունն իրականացվել է փետրվարի 22-ի գիշերը, դրան մասնակցել է 750 զինծառայող, 40 տանկ, 2 մարտական ինքնաթիռ:

Նրանք Թուրքիայից Սիրիա են մուտք գործել Մուրշիթփընարի սահմանային անցակետից: Որոշակի տվյալներով` զոհվել է մեկ զինվոր: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր մամուլի ասուլիս է տալու այդ կապակցությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը հաղորդվել էր, որ «Իսլամական պետությունը» Սիրիայում պաշարել է Թուրքիային պատկանող Սուլեյման Շահի դամբարանի տարածքը:

Թուրքական մամուլի պնդմամբ՝ դամբարանի տարածքը Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող, սակայն նրան պատկանող միակ տարածքն է: Օսմանյան կայսրության փլուզումից հետո այդ տարածքը հայտնվել է ֆրանսիական տիրապետության տակ:

Չնայած դրան՝ 1921 թվականին Ֆրանսիայի ու Անկարայի միջև կնքված պայմանագրով Սուլեյման Շահի դամբարանի տարածքը ճանաչվել է որպես Թուրքիայի Հանրապետության տարածք և որոշվել է, որ այդ տարածքը պաշտպանելու է թուրք զինվորը:

Սուլեյման Շահը կամ Սուլեյման Շահ Քայա Ալփօղլուն (1178-1227) հանդիսանում է Օսմանյան սուլթանության (բեյության) հիմնադիր (1299) Օսման (Գազի) բեյի պապը և Էրթուղրուլի հայրը:

Տեսանյութեր

Լրահոս