Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Նորիկ Սահակյանի պաշտպան. «Յուրաքանչյուր անգամ ոտքի է կանգնում ու ասում՝ ճիշտ այդպես, պարոն Արսենյան»
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայողներից Նորիկ Սահակյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Մեզ հետ զրույցում երեկ նրա պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց. «Հայտարարել է, որ որևէ մասնակցություն, առնչություն չունի կատարված այդ զազրելի արարքին, որ այդ անձանց հետ, բոլորի հետ էլ նորմալ հարաբերությունների մեջ է եղել»: Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Հարցազրույցներից մեկում Հովիկ Արսենյանն ասել էր, որ Նորիկ Սահակյանը պարզապես այդ գիշեր արթուն է եղել: Մեր հարցին, թե ինչո՞վ է զբաղված եղել Ն. Սահակյանը՝ ըստ նրա, Հովիկ Արսենյանը պատասխանեց. «Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը հերթապահ սպայի թույլտվությամբ և գիտությամբ, իր հետ մտերիմ հարաբերություններ ունեցող այլ երկու կուրսանտի հետ, մինչև գիշերվա ժամը 3-3:30 հենց հերթապահ սպայի սենյակի դիմաց՝ միջանցքում գտնվող սեղանի մոտ, պարապել է առարկա, որովհետև ամսի 29-ին թեստ պետք է հանձներ, դրանով է զբաղված եղել և պատճառաբանում է, որ իսկապես արթուն է եղել այդ պատճառով»:
Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, մեզ հետ զրույցում պատմել էր, որ դեպքի օրը լեզվակռիվ է տեղի ունեցել որդու և զինծառայողներից մի քանիսի միջև:
Մեր հարցին՝ արդյոք փաստաբանը տեղեկություն ունի՞, թե իր պաշտպանյալն ի՞նչ հարաբերություններ է ունեցելՀայկազ Բարսեղյանի հետ, Հովիկ Արսենյանը պատասխանեց. «Իմ պաշտպանյալը կոնֆլիկտային անձնավորություն չէ: Դուք չեք կարող պատկերացնել. երբ ոչ կոնֆիդենցիալ զրույցներ եմ ունենում իր հետ, յուրաքանչյուր անգամ ոտքի է կանգնում ու ասում՝ ճիշտ այդպես, պարոն Արսենյան: Այնքան ճշտապահ անձնավորություն էգ ես այնքան ցավ եմ ապրում, որ թացն ու չորը խառնել են իրար, լույսն ու ստվերըգ այս պահին աղավաղել են ամեն ինչ, միայն թե բացահայտում ցույց տան՝ էլ նշանակություն չունի՝ մարդը մեղավո՞ր է, թե՞ անմեղ, կատարե՞լ է, թե՞ ոչ:
Ընդհանրապես ամենևին էլ պրոբլեմ չէգ 45 հոգի են առաջին կուրսի ուսանողները, կուրսանտները: Ումից ինչպիսի ցուցմունք ուզեն, կարող են կորզել»:
Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ այս գործով մեղադրյալների նկատմամբ բռնություն է գործադրվել, քննության համար խորթ միջոցներ են կիրառվել: Մեր հարցին՝ արդյոք բռնություն եղե՞լ է իր պաշտպանյալի նկատմամբ, Հովիկ Արսենյանը պատասխանեց. «Ես ևս ինֆորմացիա ունեմ, որ բոլորի նկատմամբ էլ ֆիզիկական բռնություն է իրականացվել, այդ թվում` նաև իմ պաշտպանյալի»: Մեր հարցին, թե ո՞ւմ կողմից է կիրառվել բռնությունը, փաստաբանը պատասխանեց, որ չի կարող ասել:
Հովիկ Արսենյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կդիմե՞ն համապատասխան մարմիններին, որպեսզի քննություն կատարվի` բռնությունների հետ կապված: Ի պատասխան` նա ասաց.
«Ոչ: Այդ մասով ընդամենը ես իմ միջնորդության մեջ եմ գրել, որ ֆիզիկական բռնություն գործադրելու արդյունքում է, որ փորձ է արվել մեղադրող ցուցմունքներ կորզել իմ պաշտպանյալի նկատմամբ»:
Փաստաբանը տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին՝ որոշակի գործողություններ կատարելու համար: «Հիմա կսպասենք: Բոլոր դեպքերում վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ: Առայժմ կսպասենք այդ փորձաքննությունների եզրակացություններին: Ըստ այդմ էլ կկողմնորոշվենք և պաշտպանությունը կիրականացնենք»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ այժմ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվում են 4 զինծառայողներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:
Բոլոր մեղադրյալներն էլ կալանավորված են: Բացի դա, հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել: Այդ քրեական գործով էլ մեղադրանք է առաջադրվել ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին: Նա ևս կալանավորված է:
Ի պատասխան մեր հարցին՝ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ մեղադրյալների կողմից գրավոր հաղորդում չեն ստացել, իսկ նրանց ցուցմունքների վերաբերյալ կատարվում է քննություն: