«Այն, ինչ ծրագրել էր Սերժ Սարգսյանը՝ ոչնչացնել քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանին, նա դրան հասավ»
168.am-ի հարցին՝ թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտնի ելույթից հետո, ենթադրվում էր, որ հակառակ պրոցեսը պետք լիներ, այսինքն՝ պայքար պետք է սկսվեր, միավորվեին ընդդիմադիր ուժերը, ինչո՞ւ այսպես եղավ, քաղաքագետը Գագիկ Համբարյանը պատասխանեց.
«Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հանրաճանաչ ելույթից հետո, հաջորդ իսկ օրը Գագիկ Ծառուկյանը կոռեկտության շրջանակում, բայց շատ կոպիտ պատասխանեց գործող նախագահին: Այն, ինչ դուք ասացիք, արդեն տեղի է ունենում փետրվարի 14-ին, երբ Սամվել Կարապետյանի («Տաշիր» ընկերության սեփականատեր), Կարեն Կարապետյանի («Գազպրոմի») և ՀՅԴ-ի միջնորդությամբ՝ Հովիկ Աբրահամյանի տանը հանդիպեցին գործող նախագահը և Գագիկ Ծառուկյանը: Թե ինչ են քննարկել նրանք, այդ մասին երևի թե գիտեն շատ քչերը, և դրա հետևանքը եղավ այն, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իր պարտության մասին:
Այն, ինչ տեղի ունեցավ, դա Գագիկ Ծառուկյանի պարտությունն էր: Կապ չունի՝ ինքը հիմա ինչպես է մեկնաբանում այդ ամենը՝ հայտարարելով, որ ինքը չի ցանկանա ժողովրդի արյուն թափել, ժողովրդի արյան միջոցով գալ իշխանության, բայց դա չի փոխում այն իրավիճակը, որը տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո: Սա շեշտակի հարված էր և՛ ԲՀԿ-ին, և՛ ընդհանրապես ընդդիմադիր դաշտին: Սա հիասթափություն առաջացրեց շատերի մոտ, և, առավել ևս, ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակության տարբեր շերտերի մոտ»:
Քաղաքագետը կարծում է, որ սա նաև կլինի Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի ավարտը. «Այսինքն՝ այն, ինչ ծրագրել էր Սերժ Սարգսյանը՝ ոչնչացնել քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանին, նա դրան հասավ: Գագիկ Ծառուկյանը միայն մեկ դեպքում կարող էր հաջողության հասնել՝ շատ օպերատիվ և արագ գործելու դեպքում»:
Մեր հարցին՝ այնուամենայնիվ, հաշվի առնելով Մարտի 1-ի դեպքերը, ինչպես նաև այն, որ փետրվարի 20-ի հանրահավաքն արտոնված չէր, արդյոք մեծ վտանգ չէ՞ր սպառնում այն քաղաքացիներին, ովքեր կգնային այդ հանրահավաքին, և արդյոք արդարացի չե՞ն ԲՀԿ-ականները՝ ասելով, որ այդ հավաքը ժողովրդի համար կարող էր արյունալի հետևանքներ ունենալ, Գ. Համբարյանն այսպես պատասխանեց.
«Սերժ Սարգսյանն իշխանության է եկել Մարտի 1-ով: Հիմա կապ չունի՝ ով կազմակերպեց Մարտի 1-ը, բայց այն, որ Մարտի 1-ը դա նախագահական ընտրությունների պատճառով տեղի ունեցավ, և նախագահ ընտրվեց հենց ինքը, դա փաստ է: Բայց ես ուղղակի կզարմանամ, եթե նույն Սերժ Սարգսյանը կատարեր նույն սխալը, որը կատարեցին Մարտի 1-ի կազմակերպիչները: Բացի դրանից՝ դա շատ մեծ և շեշտակի հարված կլիներ ՀՀ-ի միջազգային իմիջին: Ես գտնում եմ, որ իշխանությունն այնքան էլ շատ քաղցր բան չէ, որպեսզի նույն ՀՀԿ-ն ոտնահարի ՀՀ-ի շահերը միայն նրա համար, որ մնա իշխանության գլխին: Բացի դրանից, ոչ ոք էլ չէր ասում, որ փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ պետք է տեղի ունենա կտրուկ հեղափոխություն»:
Դիտարկմանը՝ բայց, ամեն դեպքում, հնարավոր է՝ բախումներ լինեին, քաղաքագետը համաձայնեց՝ միաժամանակ նշելով, որ ամենը, ինչ տեղի ունեցավ, բերեց ԲՀԿ-ի պարտության: