«Գագիկ Ծառուկյանը նույնիսկ ցավ է ապրում, երբ մեկի մատը արյուն է լինում». հարցում
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրել էր հավաք-ասուլիս: Հավաքից առաջ 168.am-ը քաղաքացիների հետ զրուցեց ներքաղաքական վերջին զարգացումների մասին:
Ազատության հրապարակում հավաքվածներից մեծ մասը դժգոհ էր այսօրվա իշխանություններից: Նրանք նշում էին, որ իշխանություններից ազատվել է պետք:
«Մեր երկրի վիճակը շատ վատ է, քանի որ երկիրը անտեր է, չունի նախագահ, նա ընտրված նախագահ չէ»,- նշեց մի կին:
«Ես լավատես եմ, բայց այսօրվա օրով ընդդիմադիրները մեր կողքին կանգած չեն, մենք անձրևի տակ կանգնած ենք, լավատես ենք, սպասում ենք, բայց ընդդիմադիրներից ոչ ոք չկա»,- նման տեսակետ էլ հայտնեց մի տղամարդ:
Որոշ մարդիկ էլ նշում էին, որ մինչև ապրլի 24-ը ճիշտ չէ, որ երկրի ներսում անկայունություններ լինեն: Նրանք կոչ էին անում բոլոր ուժերին խաղաղություն պահպանել գոնե մինչև ապրիլի 24-ը:
Նշենք նաև, որ մարդկանց մեծ մասը Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը և փետրվարի 20-ի համազգային հավաքը չեղյալ հայտարարելը նահանջ չէին համարում ԲՀԿ առաջնորդի կողմից:
«Ոչ, Գագիկ Ծառուկյանը մտածում է ժողովրդի մասին: Նա նույնիսկ ցավ է ապրում, երբ մեկի մատը արյուն է լինում: Դրա համար նա զգաց, որ կարող է այս անգամ էլ ժողովրդի գլխին մարտի 1 սարքեն»,- մեզ հետ զրույցում ասաց մի կին:
Մի ծերունի էլ կարծիք հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը մտածում է ժողովրդի մասին, միայն թե իշխանություններն են արգելակում նրա գործունեությանը.
«Գագիկ Ծառուկյանը չի նահանջել, նրան արգելակողը ուրիշ մարդ է, մեր թագավորը՝ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը երբեք իր ժողովրդին չի թողնի անտեր»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: