Ինչ է պարզել քննությունը «Չաո Բամբինո» մանկական սրճարանում գազով լցված փուչիկների պայթյունի գործով
2014թ. նեյեմբերի 19-ին «Չաո Բամբինո» մանկական սրճարանում գազով լցված փուչիկների պայթյունի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ անձ ներգրավված չէ որպես կասկածյալ կամ մեղադրյալ: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
2014թ. նոյեմբերի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի պատասխանի՝ նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Արեգ Բարսեղյանին ճանաչել որպես տուժող: Ըստ դատաբժշակական եզրակացության՝ Արեգ Բարսեղյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
«Քննության ընթացքում պարզվել է, որ սրճարանին փուչիկներ են մատակարարվել «Փուչիկների աշխարհ» կազմակերպությունից: Քննության ընթացքում կատարվել են մի շարք խուզարկություններ, այդ թվում՝ նշված կազմակերպության տնօրենի և նրա ազգականի բնակության վայրերում, որոնց արդյունքում հայտնաբերվել են մետղայա գլանոթներ: Դրանց նկատմամբ նշանակվել են դատանյութագիտական և դատաքիմիական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել: Այս պահի դրությամբ քրեական գործով որևէ անձ ներգրավված չէ որպես կասկածյալ կամ մեղադրյալ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու փուչիկների լիցքավորման հանգամանքները»,- նշված է ՀՀ քննչական կոմիտեի պատասխանում: