Շատ վատ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն օգնում է խոշոր ուժերին մանիպուլյացնել իր երկրի հասարակությանը. Ա. Թադևոսյան

«Երկրում արձանագրված վերջին զարգացումներն ուղղված են քաղաքական դաշտի քայքայմանը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Սրտիս պարտք»-ը հոդվածին և բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին նրա առաջ քաշած թեզին:

Թադևոսյանի համոզմամբ` չկան Հայաստանում այնպիսի փողատերեր, որոնք Հայաստանում կցանկանան բուրժուադեմոկրատական պետություն կայացնելու  շահեր հետապնդել, որովհետև այն փողատերերը, որոնք կցանկանան Հայաստանը լինի  բուրժուադեմոկրատական պետություն, պետք է գործեն ոչ թե ստվերային ու քրեական բիզնեսի օրենքներով, այլ ամենաքիչը պետք է լինեն արևմտյան տիպի կապիտալիստներ, որոնց համար  կարևոր է ազատ մրցակցությունը, այլ ոչ թե  պետական հովանավորչությամբ և պետական լծակների միջոցով  փող կուտակելը:

«Ինչպես  Գագիկ Ծառուկյանը, այնպես էլ մեր բոլոր օլիգարխները  հարկեր չեն վճարում լիարժեք, իսկ  դա արդեն իսկ նրանց այն հատկանիշն է, որը  դեմ է բուրժուադեմոկրատական գործընթացներին Հայաստանում: Այսինքն` իսկապես իրենք իրենց շահերով դեմ են այդ գործընթացներին, նրանք չեն կարող կողմ լինել դրան: Իրենք այն ուժերը չեն, որոնց հանդեպ  Տեր-Պետրոսյանը նման երազանքներ պետք է տածեր: Ես կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանը ևս մանիպուլյացնում է՝ օգտագործելով մի շարք գեղեցիկ տերմիններ: Նա  շատ լավ հասկանում է, թե ով է Գագիկ Ծառուկյանը, և  ինքն էր տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանին դասում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շարքին, ովքեր, ըստ նրա, երկիրը կործանողներն էին: Այս տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանի բնույթը չի փոխվել: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը նրա հետ կապված ինչ-ինչ հույսեր ունի, այնինչ դրանք օդի մեջ բաներ են, մանիպուլյատիվ են:

Շատ վատ է, որ առաջին նախագահը, որն իրեն պատիվ է համարում հիմնադիր նախագահ անվանել, այսօր այս ծայրահեղ  ծանր վիճակում մանիպուլյացնում է իր  ժողովրդին, օգնում է խոշոր ուժերին մանիպուլյացնել իր երկրի հասարակությանը: Այն դեպքում, երբ այդ մանիպուլյացիան մեզ կործանման է տանում»,- ասաց Թադևոսյանը` հավելելով, որ նման հոդվածներ են գրվում, որպեսզի հետո, եթե անհրաժեշտ լինի, դրա հիմքի վրա անցնեն մանիպուլյացիաների:  «Եթե ամփոփեմ, ապա այս բոլոր գործընթացները գնահատում եմ չափազանց բացասական և համարում եմ շատ վնասակար Հայաստանում քաղաքական գործընթացների ձևավորման և քաղաքական դաշտի կայացման համար: Այս բոլոր գործընթացներն ուղղված են այդ դաշտի քայքայմանը»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Աղասի Թադևոսյանի հետ ծավալուն հարցազրույցին կարող եք ծանոթանալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս