Վահան Բաբայանը հորդորում է Լևոն Տեր-Պետրոսյանին ԲՀԿ-ում առկա «խառնակիչների խմբակի» և կենտրոնների անունները հնչեցնել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում (ԲՀԿ) չեն զգացել խառնակիչների փոքրիկ խմբակի գործունեություն: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ, ԲՀԿ անդամ Վահան Բաբայանը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակած «Սրտիս պարտք»-ը հոդվածին:

Վահան Բաբայանն ասաց, թե չի ցանկանում անդրադառնալ հոդվածին, քանի որ դրա կարիքը, նրա համոզմամբ, ամենևին չկա: Ըստ նրա` ընդհանուր առմամբ նման մեկնաբանությունները հարիր չեն երկրի առաջին նախագահին: «Իր գործունեության համար ամեն մարդ ինքը պետք է պատասխան տա»,- նկատեց Բաբայանը` շարունակելով, որ եթե մարդիկ խոսում են խառնակիչների խմբակի մասին և նման հայտարարություններ են հնչեցնում, պարտավոր են անուններ նշել և այլ կենտրոնների անունները` ևս: «Հետաքրքիր է, մենք էլ իմանանք»,- ասաց Բաբայանը: Վերջինս հստակեցրեց, որ ԲՀԿ-ում նման խմբակի գործունեություն և Լևոն Տեր-Պետրոսյանի նկարագրած երևույթներ չեն զգացել:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահն, իր հոդվածում խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սխալներից, նշել էր. «Այդ սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը՝ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից և հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս