Փետրվարի 21-ին և 22-ին Գյումրիում ռուսների կողմից միջոցառումներ չեն իրականացվի
Ինչպես գիտենք, հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը զոհ գնացած Ավետիսյանների ընտանիքի սպանության 40-րդ օրը լրանում է փետրվարի 21-ին:
Երեկ և այսօր համառորեն լուրեր են տարածվում, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի սպայակազմի կողմից նախատեսվում է փետրվարի 21-ին և 22-ին Գյումրիում մեծ շուքով նշել ռուսական «մասլենիցան» և բանակի օրը, ինչը բնականաբար անկանխատեսելի հետևանքներով լի սադրանք կարող էր համարվել դեռևս չսպիացած վերքով գյումրեցիների համար:
Այս լուրի իսկությունը պարզելու նպատակով անգամ «Շիրակ կենտրոն» են դիմել մի շարք անձիք:
Այսօր, մեզ հաջողվեց պարզել, որ ռուսական ռազմաբազայի սպայակազմի կողմից ինչպես փետրվարի 21-ին, այնպես էլ 22-ին Գյումրիում որևէ միջոցառում չի անցկացվելու: Ի դեպ մեզ նաև հայտնի դարձավ, որ հատկապես վերջին շրջանում Շիրակի մարզային, Գյումրու քաղաքային իշխանությունների և ռուսական ռազմաբազայի ղեկավարության միջև քաղաքում միջոցառումների անցկացման ու նմանատիպ այլ հարցերի շուրջ պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ են իրականացվում: