Սարգսյանը Ծառուկյանի հետ արեց այն, ինչ Պուտինն իր հետ՝ սեպտեմբերի 3-ին. Հովհաննես Իգիթյան
168.am–ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության անդամ, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը:
– Պարոն Իգիթյան, ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը ցնցեց ողջ քաղաքական դաշտը, որի հետևանքով լարվեց ներքաղաքական կյանքը, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրար «պատերազմ հայտարարեցին», թեև հաշտությունը ևս ուշացնել չտվեց: Ըստ Ձեզ` ի՞նչ տեղի ունեցավ:
– Ես փորձում եմ բոլոր զարգացումները դիտարկել քաղաքական տեսանկյունից, սակայն տեսնում եմ, որ մեծ քաղաքական, գաղափարական խնդիրներ այս ոչ իշխանական ուժերի և իշխանության առջև դրված չեն եղել: Այն, ինչ կատարվեց, ևս չի տեղավորվում քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Տեղի ունեցածը, ավելի ճիշտ, ներկուսակցական, ներիշխանական, որոշ դեպքերում՝ միջանձնային հարաբերությունների մակարդակի հասնող բանավեճի էր նման: Կարծես ամեն ինչ ասված է, ամեն ինչ պարզ է, կարող եմ ավելացնել միայն հետևյալը` Գագիկ Ծառուկյանն անցել էր իրեն թույլատրված ընդդիմադիր գործիչ լինելու շեմը, ինչը ջղայնացրել էր իշխանություններին, որի արդյունքում՝ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ արեց այն, ինչ իր հետ Պուտինը՝ 2013թ. սեպտեմբերի երեքին, այսինքն` պարզապես մատ թափ տվեց և ասաց, որ՝ այսպես պետք է լինի: Երևի թե Գագիկ Ծառուկյանը հասկանում է, որ Սերժ Սարգսյանին չլսելու դեպքում խնդիրներ կունենա, որովհետև ինքը գործարար է, դրանով իսկ խոցելի է և պարզապես ՀՀ քաղաքացի է:
– Այսինքն` Ծառուկյանին ետ պահեց ունեզրկմա՞ն վտանգը, քանի որ հայտարարված պայքարը չուներ գաղափարական հենք:
– Այդքան պարզունակ ես չէի ներկայացնի: Նա խոցելի է, որովհետև գործարար է: Հայաստանում խոցելի են թե՛ փոքր, թե՛ միջին, թե՛ խոշոր բիզնեսմենները, Հայաստանում մարդ կարող է ոչնչի համար ևս ազատազրկման դատապարտվել, ինչպես մենք պարբերաբար տեսնում ենք: Բայց ուզում եմ ասել, որ ոչ մի զարմանալի բան տեղի չի ունեցել, բազմիցս նման գործընթացներ տեսել ենք, ներկայում ևս այն, ինչ տեսնում ենք, բնական է: ԲՀԿ-ն կամ Գագիկ Ծառուկյանն այսուհետ ավելի զգույշ է լինելու: Այս գործընթացների արդյունքում էլ ԱԺ-ում ձեռք բերեցինք հինգ անկախ պատգամավոր, որոնք շտապեցին փախչել ԲՀԿ-ից՝ տարանջատվելով Գագիկ Ծառուկյանից և վախենալով, որ իրենց վրա ևս Սերժ Սարգսյանի զայրույթը կտարածվի:
– Այս օրերին ԲՀԿ խոսնակը հայտարարում է, որ ԲՀԿ-ն ետ չի կանգնում իշխանափոխության իր գաղափարից, ավելին, արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին ԲՀԿ-ի պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ: Ուրիխանյանը չի բացառում նաև հանրահավաքային պայքարի հնարավորությունը և պնդում է, որ փետրվարի 20-ի հանրահավաքը չեղարկել են արյունահեղությունից խուսափելու համար: Սա դեմքը փրկելուն ուղղված հայտարարությո՞ւն է, թե՞ Եռյակը, Ձեր կարծիքով, այսուհետ կգործի նախկին ռեժիմով, պարզապես ԲՀԿ-ն ավելի մեղմ կլինի:
– Կարծում եմ, որ «եռյակ» բառն արդեն անցյալում է: Կարծես թե Գագիկ Ծառուկյանը հայտարարությունն արեց իր անունից, և երևի թե մյուս կուսակցություններից յուրաքանչյուրն իր տեսակետն է ներկայացնում: Ես չեմ տեսնում, որ թիմը պետք է գործի միասնական, քանի որ տարբեր կերպ են մեկնաբանում կատարվածն այդ քաղաքական ուժերը: Ինձ համար զարմանալի է, թե ի՞նչ ասել է՝ արյունից խուսափել: Հանրահավաք է, ինչպես սովորաբար եղել է, առաջինը չէ, վերջինը չէ: Մարդիկ պետք է հավաքվեին, ինչ-որ հարցեր քննարկեին:
– ԲՀԿ-ն ինչպիսի՞ քաղաքականություն, ըստ Ձեզ՝ կվարի ապագայում, ընդհատա՞կ կանցնի, թե՞ կմեղմացնի հռետորաբանությունը: Խոսակցություններ կան, որ Ծառուկյանը պատրաստվում է լքել քաղաքականությունը: Որքանո՞վ են նման խոսակցություններն իրատեսական:
– Իմ կարծիքով` ԲՀԿ-ն կմնա իր տեղում, ինչպես եղել է մինչ այս` ոչ իշխանական կարգավիճակում: Գագիկ Ծառուկյանը երևի թե ավելի շատ կզբաղվի բիզնեսով, և Հայաստանում այդ գործընթացը տեղի կունենա, և քաղաքականությունից կսկսեն դուրս գալ գործարարները: Ընդդիմադիր գործիչները պետք է քաղաքական ընդդիմություն լինեն, իսկ գործարարները` գործարարներ: Դա վերաբերում է ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլև ՀՀԿ-ին և ՀՀԿ-ի կազմում գտնվող գործարարներին: Հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանը, երբ իր ելույթում ասում էր, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, առաջին հերթին նկատի ուներ հենց իր ղեկավարած կուսակցությանը:
– Եթե ընդունենք, որ իշխանությունը վերացրեց սպառնալիքը, ապա Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսում է ԲՀԿ-ի ետևում կանգնած ուժի մասին, որը, շատերի ենթադրություններով, երկրորդ նախագահն է: Օրերս նա հանդես եկավ հրապարակային անդրադարձով: Ի՞նչ տպավորություն ունեք` երկրորդ նախագահը կցանկանա՞ վերադառնալ քաղաքականություն ԲՀԿ խողովակի միջոցով, եթե կարծում եք, որ Ծառուկյանը կսկսի զիջել իր քաղաքական դիրքերը` զբաղվելով հիմնականում գործարարությամբ:
– Կցանկանայի նշել, որ դատապարտում եմ ռեպրեսիաները, ճնշումները՝ և՛ ԲՀԿ ղեկավարի, և՛ ԲՀԿ անդամների նկատմամբ: Դրանք որևէ առնչություն չունեն իրավական գործերի հետ, քանի որ քաղաքական պայքարի արդյունք էին` պայմանավորված Ծառուկյանի քաղաքական գործունեությամբ: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա ինձ թվում է, որ մեծ քաղաքականություն իր վերադարձը նա չի կապում Գագիկ Ծառուկյանի հետ: Եթե նա այդպիսի ցանկություն ունի, մի ճանապարհ ունի, որը նա ինձնից լավ գիտի` Սերժ Սարգսյանն է, ում հետ շփումների մեջ է, կարող է գնալ, նստել և քննարկել նրա հետ իր տեղն ու դերն այսօրվա իշխանությունում և քաղաքական դաշտում` օգտագործելով իր մտերմությունը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
– Ըստ Ձեզ` Կրեմլը կարո՞ղ է շահագրգիռ լինել Սարգսյանին Քոչարյանով փոխարինելու հարցում:
– Իմ կարծիքով` Կրեմլին էականորեն չի հետաքրքրում` Հայաստանում իշխանության գլխին կլինի Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը, որովհետև երկուսն էլ կտանեն այն քաղաքականությունը, որը ձեռնտու է Կրեմլին: Ուստի, իմ կարծիքով, նման խնդիր դրված չէ: