«Չի բացառվում, որ Ռուսաստանը փորձի Վրաստանի դեմ օգտագործել Հայաստանի ռուսական ռազմաբազան». Գելա Վասաձե

Ուկրաինական պատերազմն ու ճգնաժամային հարաբերություններն Արևմուտքի հետ Ռուսաստանին չեն խոչընդոտում դանդաղեցնել իր բռնակցած տարածքների ինտեգրումը Ռուսաստանին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու  Դավիթ Սանակոևը Մոսկվայում պայմանագիր են ստորագրել Հարավային Օսեթիա-Ռուսաստան պետական սահմանի մասին: Նույնատիպ պայմանագիր ՌԴ-ն նախատեսում է կնքել Աբխազիայի հետ ևս: Ի դեպ, Լավրովը նաև  հույս է հայտնել, որ Աբխազիայի հետ ևս ստորագրված նմանատիպ պայմանագրի համաձայնեցման ընթացակարգը չի զբաղեցնի շատ ժամանակ: Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նկատմամբ այս քաղաքականությունն  ավելի ու ավելի է խորացնում Ռուսաստանի և Վրաստանի միջև առաջացած անդունդն ու անհնար դարձնում բանակցությունների հնարավորությունը:

Սրան զուգահեռ՝ Ռուսաստանը չի խորշում Վրաստանին սպառնալ ՆԱՏՕ-ին անդամակցության համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ընդունել համապատասխան միջոցներ, եթե գործնական քայլեր ձեռնարկվեն Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմ ներքաշելու ուղղությամբ:

Լավրովն այս մասին հայտարարել է Դավիթ Սանակոևի հետ բանակցություններից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ. «Մենք քննարկել ենք միջազգային ասպարեզում մեր փոխգործակցությունը՝ ներառյալ Անդրկովկասի կայունության ու անվտանգության վերաբերյալ Ժնևյան քննարկումներին Ռուսաստանի ու Հարավային Օսիայի պատվիրակությունների մասնակցությունը: Մենք հաստատեցինք ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող պայմանավորվածություններին հասնելու անհրաժեշտությունը, որոնք կբացառեին 2008 թվականի իրաադարձությունների կրկնությունը: Այդ առաջադրանքը հատկապես այժմեական է Թբիլիսիին ՆԱՏՕ ներքաշելու՝ չդադարող գործընթացի ֆոնին: Մենք միակարծիք ենք եղել այն մասին, որ դա չի նպաստի Անդրկովկասում կայունության ապահովմանն ուղղված ջանքերին, և, բնականաբար, եթե այդ քայլերը ստանան գործնական բնույթ, իսկ ըստ էության, դա արդեն իսկ սկսում է իրականանալ, միջոցներ կընդունենք՝ թույլ չտալու համար իրավիճակի վրա այդ գործընթացների բացասական ներգործությունը»:

168.am-ի հետ զրույցում թբիլիսյան Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն նշեց, որ Վրաստանի անկախության ողջ պատմության ընթացքում Վրաստանն իր ռուսաստանցի գործընկերների կողմից նման սպառնալիքներ է լսել:

«Այսօր ևս, փաստորեն, Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքներն օկուպացնելու, այսօր՝ նաև բռնակցելու քաղաքականությունը, թեև ինձ համար, անկեղծ ասած, անհասկանալի է  Ռուսաստանի ձգտումը՝ դե յուրե գրավել այն տարածքները, որոնց նա արդեն 20 տարուց ավելի է, ինչ  տիրապետում է: Ավելի քան 20 տարի ռուսական զորքերը գտնվում են Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքում, և նույնքան ժամանակ ՌԴ-ն լիովին վերահսկում է  իրավիճակն այդ տարածքներում: Այդ տարածքներն օկուպացնելով 2008թ.` Ռուսաստանը կորցրել է Վրաստանի վրա ազդելու բոլոր գործիքները: Ինձ համար այսօր նույնիսկ չափազանց անհասկանալի է, թե ինչի համար է   Ռուսաստանին  պետք այս աստիճան ինտեգրում: Տրամաբանական չեն ՌԴ գործողությունները, բայց  այսպիսին է ՌԴ ներկայիս իշխանությունների որակը»,- ասաց Գելա Վասաձեն:

Ըստ նրա՝ այն, ինչ պահանջվում է Արևմուտքից, հերթական համաշխարհային պատերազմի սանձազերծում թույլ չտալն է: «Արևմուտքը չպետք է թույլ տա, որ Պուտինը դառնա հերթական Հիտլերը: Պետք չէ անհանգստանալ Վրաստանի, Ուկրաինայի կամ այլ հետսովետական երկրների համար, պետք է անհանգստանալ, որ Պուտինը հերթական համաշխարհային պատերազմը չսկսի: Արևմուտքը պետք է ամեն ինչ անի, որ Ռուսաստանում իշխանության ղեկին հայտնվեն ադեկվատ մարդիկ և ոչ թե՝ պատժամիջոցներ ավելացնեն, որոնք էլ ավելի են մեծացնում Պուտինի ախորժակը: Իսկ դա չանելով` Արևմուտքը կանգնած է անկախ աշխարհի կործանման վտանգի առջև: Այսօր արդեն թվում է, թե դրսում 37-38թթ. են: Եթե 2008թ. Արևմուտքը կիրառեր նույն քայլերը, ինչ այսօր՝ Ուկրաինայում, ապա չէր լինի պատերազմ Ուկրաինայում և դրա ահասարսուռ հետևանքները: Եթե Արևմուտքը շարունակի խաղաղեցնել ագրեսորին, ապա պուտինյան Ռուսաստանը սկսելու է իրեն դրսևորել՝ ինչպես նացիստական Գերմանիան»,- ասաց Վասաձեն:

Ինչ վերաբերում է ռուս-վրացական հերթական լարվածության հնարավորությանն ու հայկական գործոնին` Վասաձեն հույս ունի, որ ՀՀ իշխանությունները զարգացումների սուր ընթացքի պարագայում իրենց ողջամիտ կդրսևորեն: «Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է օգտագործվել  Վրաստանի դեմ, սակայն միայն՝  ՀՀ իշխանությունների թույլտվության դեպքում: Մինչ այսօր և հատկապես 2008 թվականին ՀՀ իշխանություններն իրենց իմաստուն են դրսևորել և թույլ չեն տվել նման բան: Հույս ունեմ, որ նման բան ապագայում ևս տեղի չի ունենա»,- ասաց Վասաձեն: Հայաստանը, նրա համոզմամբ,  թեև միացել է ԵՏՄ-ին,   փրկօղակ ունի: «Իսկ այդ փրկօղակը հայկական սփյուռքն է ողջ աշխարհում: Հայաստանն արևմտյան, եվրոպական երկիր է: Հուսով եմ, որ Հայաստանը կօգտվի իր հնարավորություններից և կմիանա իրեն հարիր քաղաքակրթությանը»,- ասաց նա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս