ՀՀԿ-ական պատգամավոր. «Եթե անհրաժեշտություն լինի, այսպիսի արձանագրություններ կարելի է նորից ստորագրել»

«Ես դեռ այն ժամանակ եմ կարծիք հայտնել, որ մենք պետք է դուրս գայինք այդ գործընթացից»,- խոսելով հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու մասին՝ այսօրվա ասուլիսի ժամանակ նման տեսկաետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը:

Ըստ նրա՝ այդ գործընթացի մեջ մի շատ մեծ վտանգ կա. «Մենք ունենք՝ մի կողմից Ղարաբաղի խնդրի լուծում և մյուս կողմից՝ հայ-թուրքական խնդիրների կարգավորում, և ամենասկզբից փորձ էր արվում այդ ամենը մտցնել մեկ միասնական պլանի մեջ և լուծել: Սա ամենամեծ վտանգն է, որ կարող է սպառնալ մեր արտաքին հարաբերությունների դաշտում: Ես ողջունում եմ, որ հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչված»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանն էլ նշեց, որ ինքն ի սկզբանե շատ կողմ է եղել այդ արձանագրություններին. «Նույնիսկ եթե դրանք վերջում չվավերացվեցին, դա և՛ մեր պետության, և ՛դիվանագիտության հաջողությունն եմ համարում, այն օգուտները, որ մենք քաղեցինք՝ այդ արձանագրությունները նախաձեռնելով, դեռ երկար պետք է գնահատել»:

Հարցին՝ եթե վավերացվեին, ավելի մեծ օգո՞ւտ պետք է քաղեինք, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց՝ անպայման.

«Մենք ցույց տվեցինք, որ ի վիճակի ենք այդ գործընթացը նախաձեռնել, որ մենք դրական ենք տրամադրված հայ-թուրքական հարաբերությունները կագավորելուն բոլոր առումներով, թեև կան բազմաթիվ պատմական, քաղաքական այլ տեսակի խնդիրներ: Միջազգային հանրությունը դա տեսավ ու մենք չէին, որ պրոցեսը խափանեցինք, այլ թուրքական կողմը: Վստահ եմ, որ թուրքական կողմը վախենում է այդ գործընթացից, որովհետև չգիտի՝ ինչ անել»:

Խոսելով արձանագրությունները ԱԺ-ից ետ կանչելու մասին՝ Լ. Մարտիրոսյանը նշեց, որ 100-ամյակի նախօրյակին, երբ որևէ քայլ չկա թուրքական կողմից, ՀՀ նախագահն ուրիշ ելք չուներ, քան հետ կանչելու այդ արձանագրությունները. «Թեև դա չի բացառում, որ ապագայում այսպիսի գործընթաց նախաձեռնել հնարավոր չի լինելու: Եթե անհրաժեշտություն լինի, այսպիսի արձանագրություններ կարելի է նորից ստորագրել»:

 

Տեսանյութեր

Լրահոս