Վրաստանը Զուրաբ Ադեիշվիլու արտահանձնման հարցում մերժում է ստացել Ուկրաինայից

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Գլխավոր դատախազությունը մերժում է ստացել Ուկրաինայից՝ կապված երկրի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլուն արտահանձնելու հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայատարարել է Վրաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Իրակլի Շոթաձեն:

Վրաստանում Զուրաբ Ադեիշվիլուն մեղադրում են սեփական շահ ստանալու նպատակով ծառայողական լիազորությունները գերազանցելու, ծառայողական դիրքը չարաշահելու, բանտարկյալների հանդեպ անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունք կազմակերպելու և քրեական գործերի հանցանշանները կեղծելու մեջ:

2013 թվականի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանն Ադեիշվիլու հանդեպ հեռակա կարգով որպես խափանման միջոց ընտրեց նախնական կալանքը: Ներկա դրութամբ Ադեիշվիլին Ուկրաինայի կառավարության խորհրդատուներից է:

Շոթաձեն հայտարարել է, որ իրենք մերժում են ստացել Ադեիշվիլու արտահանձնման հարցում, իսկ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու արտահանձնման հարցում դեռ չեն ստացել պատասխան և սպասում են դրան: Շոթաձեն ընդգծել է, որ իրենք երկրորդ անգամ են միջնորդություն ներկայացրել ուկրաինական կողմին՝ Սաակաշվիլու ու Ադեիշվիլու արտահանձնման համար:

Շոթաձեն ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինայի դատախազությունը չի պատրաստվում արտահանձնման հարցով համագործակցել Վրաստանի դատախազության հետ՝ չնայած նրան, որ դա նրա պարտականությունն է:

Տեսանյութեր

Լրահոս