
Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի հայտարարությանը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրվելը երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունն է, և երրորդ երկրները չեն կարող ազդել այդ գործընթացի վրա:
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ընդունել համապատասխան միջոցներ, եթե ՆԱՏՕ-ն գործնական քայլեր ձեռնարկի Վրաստանը դաշինքի շարքերը ներքաշելու ուղղությամբ:
Վրաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրումը հենված է Վրաստանի բնակչության մեծամասնության ազատ ընտրության ու անբեկանելի կամքի վրա.
«ՆԱՏՕ-ին Վրաստանի միանալը կախված է Վրաստանի ու դաշինքի միջև ընթացիկ երկխոսությունից, ինչպես նաև դաշինքի անդամ երկրների որոշումներից: Հետևաբար երրորդ երկրները չեն կարող ազդել այդ գործընթացի վրա: Դաշինքի ընդլայնման պատմությունը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ին նոր երկրների միանալը հանդիսանում է կայունության ու անվտանգության ամրապնդման ամենակարևոր գործոնը:
Հարավային Կովկասում կայունության համար սպառնալիք ստեղծում է հենց Ռուսաստանի Դաշնությունը՝ անտեսելով 2008 թվականի փետրվարի 12-ի հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, պարբերաբար ռազմականացնելով Վրաստանի օկուպացրած տարածքներն ու փորձելով բռնակցել դրանք»: