Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի կամ այն մանկական է. Իսկանդարյան

«Քաղաքական համակարգը փոխելու համար պետք է տքնաջան աշխատել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին:

Նա նշեց, որ Հայաստանում ընդդիմություն ընդհանրապես գոյություն չունի, իսկ իշխանությունը` թույլ է, և այս երկուսի համադրությունը հանգեցնում է քաղաքական դաշտի և աշխարհում ամեն ինչի թույլ լեգիտիմությանը:

«Երբ թույլ է լեգիտիմությունը, հեշտ է գնել ցանկացած ռադիկալ հռետորաբանություն: Հայաստանյան քաղաքական գործիչները խոսում են, ելույթ են ունենում, ինչպես Ֆեյսբուք սոցիալական ցանցում, խորհրդարանականները խոսում են՝ ինչպես տաքսիստները: Այսպես ոչինչ հնարավոր չէ փոխել: Ոչ մի հեղափոխություն ոչ մի համակարգային փոփոխության չի հանգեցնի, քանի որ չի լինի հեղափոխություն, եթե նույնիսկ այն պատահի: Սա է հասարակության առանցքային խնդիրը: Խնդիրը մարդկանց միավորելը չէ, այլ քաղաքական դաշտ, համակարգ ձևավորելը, որպեսզի լինի նորմալ ընդդիմություն, մի ընդդիմություն, որը ոչ միայն «դեմ» է, այլ գոնե «կողմ» է ինչ-որ բանի, ոչ թե ընդդիմություն, որ հեղափոխություն է առաջարկում, այլ ընդդիմություն, որը ծրագրեր է առաջարկում, ոչ թե ընդդիմություն, որն ասում է երկու շաբաթից, այլ այն, որն ասում է, որ դեռ 20-30 տարի աշխատել է պետք, ոչ թե այն, որ ասում է, թե սա պետք է փոխել, այլ այն, որ ասում է` սա է անելու, նա, հետո այն և այդպես շարունակ: Ինձ համար, որպես քաղաքագետի՝ ավելի շատ այս երևույթն է անհանգստացնում, այլ ոչ թե այն, թե վաղն ինչ կասի Ծառուկյանը, կամ՝ ինչու այդպես ասաց, ինչ խոսեցին Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը: Եթե թույլ տան՝ Ծառուկյանը կխոսի, նա չի՞ խոսի՝ մեկ ուրիշը կխոսի, չի լինի այս հանրահավաքը, կլինի մեկ այլ հանրահավաք: Գլոբալ խնդիրը իշխանության թուլությունը, ընդդիմության բացակայությունն է, քաղաքական դիսկուրսների չզարգացածությունը»,- մեկնաբանեց Իսկանդարյանը:

Նա ներկայիս ուժերին, որոնք իրենց ընդդիմություն են հորջորջում՝ անվանեց մանկական, չզարգացած քաղաքական համակարգի ընդդիմություն, խոսքերի ընդդիմություն, այլ ոչ գործողությունների: «Այս ամենի պատասխանը պարզ է` աշխատել է պետք, ամենօրյա և մշտական աշխատանք է պետք իրականացնել»,- ասաց Իսկանդարյանը:

Տեսանյութեր

Լրահոս