Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչը մեկնել է ռուսական ռազմաբազայի տարածք, ուսումնասիրել է դեպքի վայրը, Ավետիսյանների տուն եկող ճանապարհը…

Հարցազրույց Գյումրիում սպանված Ավետիսյանների 4 իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի հետ

– Պարոն Սարգսյան, փետրվարի 14-ին Գյումրիում էիք, ի՞նչ գործողություններ եք արել այնտեղ:

– Փետրվարի 14-ին այցելել եմ Գյումրի, հանդիպել տուժողների իրավահաջորդների, ինչպես նաև` Ավետիսյանների մյուս մերձավորների, ազգականների հետ, ովքեր իրավահաջորդներ չեն ճանաչվել, բայց շահագրգռված են գործի ելքով: Այսինքն՝ անհանգստություններ ունեն: Տուժողների իրավահաջորդներին ներկայացրել եմ գործի հետ կապված բոլոր այն տվյալները, հանգամանքները, որոնք ինձ հայտնի են, պատասխանել եմ իրենց անհանգստացնող բոլոր հարցերին, քննարկել ենք մեր հետագա անելիքները, գործողությունների պլանը: Ամենակարևոր հարցերից մեկը, որ մենք քննարկեցինք այս փուլում, այն էր, որ մենք չենք դիմում ռուսական կողմին՝ որպես իրավահաջորդ ներգրավվելու համար, քանի որ գտնում ենք, որ ռուսական կողմն անօրինական է քննում սպանության գործը:

Մենք պահանջում ենք քրեական գործը փոխանցել հայկական կողմին, որպեսզի ամբողջական քննությունը կատարի հայկական կողմը: Քննարկել ենք, թե ինչ տեղեկություններ ունեն Ավետիսյանների հարազատները Գյումրիում պտտվող խոսակցություններից, որպեսզի կարողանանք փորձել հասկանալ՝ արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ, և դրանց հիման վրա նոր վարկածներ առաջ քաշել կամ դրանք ստուգելուն ուղղված նոր գործողություններ միջնորդել: Նաև քննարկել ենք առկա տվյալների հիման վրա հանցագործության կատարման պատճառների, շարժառիթների և մյուս էական հանգամանքների վերաբերյալ հնարավոր վարկածները:

Կարդացեք նաև

Բացի այդ, վերջերս ինչ-որ մարդիկ հարցեր են առաջ քաշում, թե ինչու են տուժողների իրավահաջորդները հենց ինձ դիմել՝ իրենց շահերը ներկայացնելու համար, ուստի ես ինքս Գյումրիում վերջիններիս այդ հարցը տվեցի, քանի որ նրանք ինձ հետ հեռախոսով էին կապ հաստատել և հայտնել, որ ցանկանում են, որպեսզի ներկայացնեմ իրենց շահերը: Տուժողների իրավահաջորդները պատասխանեցին, որ տեղեկացել են մի շարք փաստաբանների մասին, որոնք պատրաստակամություն էին հայտնել անվճար հիմունքներով ներկայացնել իրենց շահերը, այնուհետև ծանոթների և համացանցի միջոցով հետաքրքրվելով` որոշել են դիմել ինձ՝ միաժամանակ նշելով, որ այսուհետ էլ ցանկանում են, որ շարունակեմ ներկայացնել իրեն շահերը:

Դրանով հանդերձ, սույն քրեական գործի հասարակական հնչեղությունով և դրանով կատարվելիք աշխատանքի ծավալով պայմանավորված` չբացառեցինք նոր փաստաբանների ներգրավումը: Ես միայն կողմ եմ դրան, քանի որ, ըստ էության, մենք կողմ ենք ցանկացած մտքի, քայլի, գաղափարի, որը կարող է դրական շարժ հաղորդել այս գործին: Հանդիպումից հետո մեկնել եմ ռուսական ռազմական բազայի տարածք, ուսումնասիրել բազայի հարակից տարածքը, այնտեղից հնարավոր երթուղիներով եկել եմ դեպքի վայր, ուսումնասիրել դեպքի վայրը, հարակից տարածքը, Ավետիսյանների տուն եկող ճանապարհները, երթուղիները: Ուսումնասիրել եմ նաև դեպի Բայանդուր գյուղ տանող երթուղիները, եղել այդ գյուղում, ուսումնասիրել սահմանին հարակից տարածքը, որտեղ հայտնաբերվել էր Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը:

Այդ բոլոր գործողությունների արդյունքում նոր մտքեր և վարկածներ, նախկինում առաջ քաշված վարկածները հերքող կամ հաստատող դատողություններ և ենթադրություններ են առաջացել: Դրանց հետ կապված` պատրաստվում եմ միջնորդություններ ներկայացնել, սակայն այս փուլում, ելնելով գործի քննության շահերից, չեմ ցանկանում դրանց բնույթը հրապարակայնացնել, քանի որ դա գուցե վնասի գործողությունների օբյեկտիվ արդյունքների ստացմանը:

– Ասացիք, որ տուժողների իրավահաջորդների հետ որոշել եք չդիմել ռուսական կողմին՝ նրանց կողմից սպանության դեպքի վերաբերյալ քրեական գործում ներգրավվելու համար: Սա չի՞ կարող վնասել նրանց շահերին, չի՞ կարող անդրադառնալ քննվող քրեական գործի օբյեկտիվության վրա:

– Որոշակի առումով` գուցե վնասի, չենք կարող ամեն ինչ բացառել, բայց գլոբալ առումով` այս փուլում ես, համենայն դեպս, լուրջ վնաս չեմ տեսնում, քանի որ մենք հստակ գիտենք, թե օրենքով սահմանված կարգով ինչ ծավալի տեղեկություններ կարող ենք ստանալ ռուսական կողմից: Այն գործողությունների մասին միջնորդությունները, որոնք պետք է այս փուլում ներկայացնեինք ռուսական կողմին՝ որոշակի հանգամանքներ պարզելու ուղղությամբ, ներկայացնում ենք հայկական կողմին:

Մեր կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է, գործողությունները կատարվում են: Այսինքն՝ այս պահի դրությամբ միջնորդությունների գերակշիռ մասը, որոնք կարող էինք ներկայացնել ռուսական կողմին, կարող ենք ներկայացնել հենց հայկական կողմին, և այդ գործողությունները հնարավոր է կատարել հայկական կողմում քննվող քրեական գործի շրջանակներում:

Ներգրավվելու դեպքում ռուսական կողմից կարող էինք որոշակի տեղեկություններ ստանալ, բայց քանի որ նաև լրատվամիջոցների հրապարակումներից տեղյակ ենք, թե ինչ կա նրանց տրամադրության տակ, մեծ ծավալ չենք կորցնում: Գտնում ենք, որ այս փուլում գլխավոր շահն այն է, որ գործը փոխանցվի հայկական կողմին, և ոչ թե` այն, որ մենք ներգրավվենք ռուսական կողմում գործի քննությանը:

– Ինչո՞ւ եք կարծում, որ ռուսական կողմն անօրինական է քննում սպանության գործը:

– Ես գտնում եմ, որ միջպետական համաձայնագրով այդ գործը քննելու լիազորությունը վերապահված է հայկական կողմին:

– Գյումրի կատարած այցելության ընթացքում հնարավորություն ունեցե՞լ եք մտնել Ավետիսյանների բնակարան:

– Տուն մտնելու հնարավորություն չեմ ունեցել: Ավետիսյանների տան բակ, անմիջապես տան հարևանությամբ գտնվող բնակարան մտել եմ, խոսել եմ այնտեղ գտնվող անձանց հետ՝ ինչպես հարևանների, այնպես էլ` հարևանությամբ գտնվող անձանց հետ, փորձել նախաքննությունից դուրս հասկանալ, թե ինչ տեղեկությունների են տիրապետում` հանցագործության կատարման հնարավոր ժամի և այլ հանգամանքների հետ կապված: Բավական էական տեղեկություններ ձեռք բերեցի, որոնք հետագայում կօգնեն մեր գործողություններում:

– Ըստ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ Ավետիսյանների բնակարանում հայտնաբերվել են զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել` «Պերմյակով»: Ձեր պրակտիկայից հիշո՞ւմ եք դեպքեր, երբ հանցագործը դեպքի վայրում իրեն նույնացնելու հնարավորություն տվող իրեր թողնի:

– Դա շատ քիչ հանդիպող իրավիճակ է, բայց նման դեպքերը չեն կարող բացառվել: Պարզապես, քանի որ դա որոշակի առումով հակասում է տրամաբանությանը, և փորձն էլ ցույց է տալիս, որ նման դեպքերը եզակի են, նման հետքեր թողնվում են՝ ելնելով կոնկրետ հանգամանքներից, և մենք չգիտենք, թե որն է պատճառը, որ նման իրեր են թողնվել, ուստի դա որոշակի կասկածների տեղիք է տալիս: Այդ պատճառով էլ այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, և փորձում ենք դրանք պարզաբանելուն ուղղված քայլեր կատարել:

Տեսանյութեր

Լրահոս