Բաժիններ՝

Հովհաննես Թումանյան. «Անկեղծ չենք»

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:

Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, և ահա-ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:

Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:

Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:

Այդպես պիտի լիներ մարդը, առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:

Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:

Եվ հանկարծ… դուք տեսնում եք… Նա խաղ է անում, դերասանություն է անում:

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:

Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի…

Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:

Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու…

Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զզվում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:

Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը:

Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարքը քանդվի:

Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողովուրդն այդպես է կամենում…

«Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի…․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ…»

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կործանում․․․

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով,

անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:

– Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է։

Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից։

Հովհաննես Թումանյան

«Փայլակ», Թիֆլիս, 1907, ապրիլի 14, N 6։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս