Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ղեկավարելու են Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը
Հայաստանում կստեղծվի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ: Այս հարցն այսօր քննարկվեց ու հաստատվեց կառավարության նիստում: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը զեկուցեց, որ նախագծի շուրջ իրականացվել են հանրային քննարկումներ: Ըստ նրա՝ վերջին տասնամյակում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է ՀՀ կառավարության գերակայություններից մեկը, իսկ հիմնախնդրի լուծման համար կարևորագույն երաշխիքը հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգի ներդրումն է:
Նախարարը տեղեկացրեց, որ խորհուրդը ղեկավարելու է վարչապետը, դրանում ներգրաված են լինելու ֆինանսների նախարարը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, պատգամավորներ:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի խոսքով՝ պատգամավորներ ընդգրկելու համար կառավարությունը պետք է դիմի ԱԺ-ին և առաջարկեց դիմել ընդդիմադիր խմբակցություններին: Հ.Աբրահամյանը չհամաձայնեց՝ ասելով, որ ճիշտ կլինի դիմել ԱԺ նախագահին: