
Պորոշենկոն կողմ է արտահայտվել երկրում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայմանը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ երեկոյան Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդին առաջարկել է քննարկել Ուկրաինա ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն հրավիրելու հարցը:
Պորոշենկոյի խոսքերով՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը գործելու է ՄԱԿ ԱԽ-ի մանդատին համապատասխան: Պորոշենկոն հավելել է, որ այդ հարցը մինսկյան բանակցությունների ժամանակ նախնականորեն քննարկել է Գերմանիայի կանցլերի ու Ֆրանսիայի նախագահի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի հետ՝ նախապես կանխատեսելով, որ չեն պահպանվի մինսկյան պայմանավորվածությունները:
Պորոշենկոն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը Մինսկում պնդել է, որ հրադադարը հաստատվի 20 օրից, սակայն իրենք չեն համաձայնվել դրան: Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը պետք է տեղակայվի բաժանարար գծի երկայնքով ու պետական սահմանի չվերահսկվող հատվածներում: