Բաժիններ՝

Ղազախ պատգամավորները պահանջում են նախագահական արտահերթ ընտրություններ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի խորհրդարանի Սենատի պատգամավորներն աջակցել են Ղազախստանի Ժողովրդական վեհաժողովի նախաձեռնությունը՝ կապված նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ:

Նրանք այդ հարցը դիտարկելու խնդրանքով դիմել են երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Սենատում ներկա 42 պատգամավորներից դրան աջակցել է 41-ը, իսկ 1 պատգամավոր դեմ է քվեարկել: Դիմումում նշված է, որ նախաձեռնությունը համաժողովրդական աջակցություն ու դրական արձագանքներ է ստացել ղազախ հասարակությունում:

Պատգամավորները կարծում են, որ նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելը կնպաստի երկրում խաղաղության, միասնության ու համաձայնության ամրապնդմանը:

Փետրվարի 14-ին Ղազախստանի Ժողովրդական վեհաժողովի նախագահ Անատոլի Բաշմակովն առաջարկել էր երկրում անցկացնել նախագահական վաղաժամ ընտրություններ: Իր առաջարկը նա փաստարկել էր նրանով, որ 2016 թվականին նախագահական կամպանիայի հետ միասին անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ:

Նրա խոսքերով՝ փորձագետները կանխատեսել են, որ հաջորդ տարի կգրանցվի համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի գագաթնակետը, ինչի համար էլ իրենք չպետք է թույլ տան, որ տնտեսությունում ի հայտ գան ճգնաժամային երևույթներ ու նախագահական ընտրությունները պետք է անցկացնել մեկ տարի շուտ:

Ղազախստանի առաջին ու անփոփոխ նախագահը Նուրսուլթան Նազարբաևն է, ով երկիրը ղեկավարում է 1989 թվականից: 2011 թվականին անցկացված նախագահական վերջին ընտրություններում Նազարբաևը հավաքել է քվեների ավելի քան 95 տոկոսը: Ղազախստանի նախագահը կարող է վերընտրվել անսահմանափակ քանակությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս