Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Honeywell ընկերության ներկայացուցիչների հետ
Փետրվարի 17-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է կառավարման և ավտոմատացման էլեկտրոնային համակարգերի մշակման ոլորտում մասնագիտացված ամերիկյան «Honeywell» ընկերության ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հյուրերին` էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման քաղաքականությունը հենվում է գիտելիքի ու նորարարության վրա, և իր կողմից ողջունելի է այս ոլորտի հնարավոր համագործակցությունը ընկերության հետ:
«Honeywell» ընկերության փոխնախագահ Արթուր Սիմոնետտին ասել է, որ ընկերության կողմից առաջարկվող նորարարական լուծումները ներկայումս լայնորեն կիրառվում են տնտեսության տարբեր բնագավառներում, մասնավորապես, էներգետիկայի, բնապահպանության, առողջապահության, պաշտպանության, տիեզերական, քիմիական արդյունաբերության, ավիացիայի, տրանսպորտի և այլ ոլորտներում: Նա նաև նշել է, որ «Honeywell» ընկերությունը ձգտում է ակտիվացնել իր գործունեությունը Հայաստանում, և այդ նպատակով որպես առաջին քայլ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն «Honeywell»-ը անհատույց նվիրում է 100 ակադեմիական լիցենզավորված ծրագիր։ Ծրագրերից օգտվողները կարող են հեշտությամբ յուրացնել և փոխանցել տեխնոլոգիական գործընթացի գիտելիքները, ինչպես նաև այդ ծրագրերի շնորհիվ ուսանողները կարող են ձեռք բերել «Honeywell»-ի չափանիշներին ու պահանջներին համապատասխան գիտելիքներ և հետագայում աշխատել ընկերության հետազոտական կենտրոններում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հնարավոր համագործակցության նոր ծրագրերը` մասնավորապես էներգախնայողության, ինովացիոն քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: