Խռմփոց և ապնոէ։ Ի՞նչ անել

Ապնոէն հիվանդություն է, որի ընթացքում քնի ժամանակ հանկարծ կարող է կանգ առնել շնչառությունը։Ապնոէի սիմպտոմներից մեկը խռմփոցն է։
Ապնոէի ժամանակ քնի մեջ շնչառական շարժումները 20-30 վայրկյանով կարող են ընդհատվել գիշերվա մեջ մի քանի անգամ, սակայն երբեմն ընդմիջումները կարող են տևել մի քանի րոպե։

Ի՞նչ պետք է իմանալ ապնոէի մասին

Նախ և առաջ՝ ապնոէն խանգարում է նորմալ քնել, քանի որ այս հիվանդությունը խաթարում է քնի բնական ընթացքը։
Հաճախ ապնոէի պատճառով մարդը խորը քուն չի կարողանում մտնել, և արդյունքում՝ նրան չի հաջողվում նորմալ հանգստանալ, իսկ օրգանիզմը չի հասցնում վերականգնվել ծանր օրվանից հետո։

Ապնոէի հետևանքներից են թուլությունը, արդյունավետության մակարդակի նվազումը, դանդաղ արձագանքը երևույթների նկատմամբ, որոշումներ կայացնելու բարդությունը և այլն։

Այս ամենը կարող է նկատվել նաև անքնության հետևանքով, սակայն ապնոէի դեմ պետք է պայքարել այլ եղանակներով։
Նկատի ունեցիր, որ ապնոէն չբուժելու դեպքում կարող ես կանգնել լուրջ խնդիրների առաջ. սրտային հիվանդություններից՝ մինչև ճարպակալում, հիպերտոնիայից՝ մինչև շաքարախտ։
Ճիշտ բուժման դեպքում կարելի է հասնել նրան, որ ապնոէն դադարի քեզ խանգարել քնել։
Այդ դեպքում դու կարող ես վայելել առողջ քունը՝ բարելավելով կյանքի որակը։

Ապնոէի սիմպտոմներն են՝

Շնչարգելություն, ուժեղ խռմփոց, ասֆիքսիա (շնչահեղձություն), հևոց, օրվա ընթացքում՝ քնկոտություն, արթնանալուց հետո՝ օդը չհերիքելու զգացողություն, կրկին անմիջապես արթնանալուց հետո՝ կոկորդում չորություն կամ գրգռվածություն, առավոտվանից սկսած՝ գլխացավ, բորբոքված վիճակ, կենտրոնացվածության հետ կապված խնդիրներ, փոփոխական տրամադրություն, դեպրեսիա, քնի անսովոր դիրքեր, անընդհատ բերանով շնչելու ցանկություն, առատ քրտնարտադրություն, ուսման և աշխատանքի ընթացքում ցածր էֆեկտիվություն։

Ապնոէի և խռմփոցի բուժման բնական միջոցներ

1. Ազատվիր մի քանի ավելորդ կիլոգրամներից։

Ավելորդ քաշից ազատվելը վերացնում է կոկորդի վրա ընկած լարվածությունը։
Պետք չէ սովի մատնվել։ Ուղղակի քո քաշն ու հասակը պետք է համապատասխանեն միմյանց։ Իսկ դրա համար հարկավոր է առողջ սնունդ ընդունել և սպորտով զբաղել։
Կարելի է ուղղակի օրական կես ժամ զբոսնել։

2. Խուսափիր դեղորայքի որոշակի տեսակներից և ալկոհոլից։

Հանգստացնող, քնաբեր և հակահիստամինային պրեպարատներն ապնոէի ընթացքում չեն խրախուսվում։
Ալկոհոլն էլ իր հերթին՝ թուլացնում է կոկորդի մկանները՝ խանգարելով նորմալ շնչել։

3. Քնիր կողքի կամ փորի վրա։

Մի քնիր մեջքի վրա։
Այդ դիրքում լեզուդ կարող է արգելափակել շնչուղիները։

4. Հետևիր, որ քթանցքերդ բաց լինեն ողջ գիշեր։

Դրա համար անհրաժեշտության դեպքում օգտագործիր հատուկ սփրեյ։

5. Քնելուց առաջ խուսափիր սուրճից և կուշտ ուտելուց։

Դրանք խաթարում են քնի նորմալ ռիթմը։
Ընթրիքի և քնի միջև առնվազն 2 ժամ պետք է ընկած լինի։

6. Հետևիր քնիդ ռեժիմին։

Աշխատիր միշտ քնել և արթնանալ նույն ժամերին, որպեսզի մարմինդ սովորի այդ ռեժիմին։

7. Յոգայով զբաղվիր։

Սա քեզ կօգնի սովորել ճիշտ շնչել, այսինքն՝ կօգնի լայնացնել քթանցքերը և ազատել շնչուղիները։
Յոգայի կանոնավոր պարապմունքները քեզ կսովորեցնեն վերահսկել շնչառությունը։

8. Սխտոր կեր։

Այն անց է կացնում շնչառական համակարգի օրգանների բորբոքային պրոցեսները։
Սխտորի շնորհիվ քո շնչառությունը հանգիստ և բնական կլինի։

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Տեսանյութեր

Լրահոս