«Եռյակը, մասնավորապես՝ ԲՀԿ-ն, գնում է իշխանությունների գծած սցենարով». Արմեն Բադալյան

«Իմաստ չունի հանրահավաք կազմակերպել հենց փետրվարի 20-ին»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը` անդրադառնալով երեկվա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: Նա նշեց, որ մեկնաբանելու ոչինչ չկա հարցազրույցում: Արմեն Բադալյանը չի կարծում նաև, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է արբիտրի դերակատարություն ստանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև:

«Ինչպես բոլոր նախորդ հարցազրույցների դեպքում՝ հիմնական իմաստը մեկն է՝  տարանջատվել ներկայիս  իշխանություններից և  ակնարկել, թե իր ժամանակ ամեն ինչ լավ է եղել, հիմա վատ է, այսինքն` ինքն այս իշխանությունների հետ որևէ առնչություն չունի: Այդ գիծը բոլոր հարցազրույցներում գնում է: Ծառուկյանից տարանջատվելու փորձ չեմ նկատել, ընդհակառակը՝ երկրորդ նախագահն իր աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին,  հարցազրույցում նշվում է, որ ձերբակալությունները կմղեն՝ մոբիլիզացվել Ծառուկյանի անձի շուրջ»,- ասաց Բադալյանը:

Հարցին, թե հաշվի առնելով ներկայումս ընթացող զարգացումները կկայանա՞ արդյոք փետրվարի 20-ին Եռյակի նախանշած հանրահավաքը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ  չի պատկերացնում`կկայանա՞, թե՞ ոչ, որովհետև Երևանի քաղաքապետարանը մերժել է հանրահավաքն արտոնել: Սակայն, ըստ նրա,  իշխանություններն ունեն լեգիտիմ իրավունք՝ բռնություն կիրառել և խոչընդոտել հանրահավաքի կայացմանը:

«Կիրագործե՞ն, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց ունեն իրավունք: Խնդիրն այլ է` իսկ ինչո՞ւ հենց փետրվարի 20-ին: Եթե ընդունենք, որ օրվա ընտրությունը կապված է 1988 թվականի ղարաբաղյան շարժման հետ, ապա պետք է ասեմ, որ քաղաքականության մեջ այդ սիմվոլները դերակատարություն չեն ունենում: Ի՞նչն է խանգարում՝  ոչ թե փետրվարի 20-ին, այլ՝ մարտի 1-ին հանրահավաք անել: Եթե եռյակն ինչ-որ շտապ ասելիք ունի, կարող է մամուլն ու ԶԼՄ-ներն օգտագործել, եթե  ուժի ցուցադրություն է ցանկանում եռյակը, կարող է նույնն անել մարտի 1-ին, եթե եռյակն առաջարկում է ժողովրդին թողնել վերջնական որոշումը, ապա դա նույնպես ծեծված տեխնոլոգիա է և իրականությանը չի համապատասխանում այն պարզ պատճառով, որ ժողովուրդները երբեք հանրահավաքի ժամանակ ոչինչ չեն որոշում: Արմատականորեն փետրվարի 20-ին հանրահավաք կազմակերպելու իմաստը  չեմ տեսնում»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը` խորհուրդ տալով Եռյակին՝ Քաղաքապետարանին դիմել հանրահավաքի անցկացումից 10 օր առաջ և ստանալ պատշաճ արտոնություն: Եթե, նրա խոսքով,  դիմեն, և Քաղաքապետարանը՝ տարբեր պատճառներով, թույլտվություն չտա,  ապա կստանան   քաղաքական լեգիտիմություն Արևմուտքում և Ռուսաստանում  հանրահավաքը բռնի ուժով իրականացնելու համար:

Կարդացեք նաև

«Ինչո՞ւ փետրվարի 20-ին իրականացնել համազգային մոբիլիզացիա: Համազգային մոբիլիզացիայի խնդիր գոյություն չունի, առավել ևս, երբ իշխանություններն իրենք են շահագրգռված քաղաքական գործընթացները շատ  բլից սկզբունքով առաջ տանելու և ուժային միջոցառումներ իրականացնելու հարցում: Այսօր Եռյակը գնում է իշխանությունների գծած սցենարով, իշխանություններին ձեռնտու է ԲՀԿ-ի նկատմամբ ուժ կիրառել: Եթե իրականացնում են հանրահավաքը փետրվարի 20-ին, նշանակում  է` գնում են իշխանությունների սցենարով, որովհետև յուրաքանչյուր ելք այդ օրը ձեռնտու է լինելու իշխանություններին»,- ասաց Արմեն Բադալյանը:

Խոսելով եռյակի իրական հնարավորություններից` ասաց, որ արտահերթ ընտրությունների գնալու մեկ ճանապարհ կա՝ ստանալ Ռուսաստանի Դաշնության աջակցությունը: «Եթե ունեն այդ աջակցությունը, խնդիր չկա, բայց ես այս պահի դրությամբ՝ այդ աջակցությունը չեմ տեսնում: Օրինակ` Մայդանում ես տեսնում էի Արևմուտքի աջակցությունը: Հայաստանում նման գործընթացներ չկան»,- նկատեց Բադալյանը:

Տեսանյութեր

Լրահոս