Իրանը ցանկանում է Աստարայի երկաթուղով դուրս գալ դեպի Ռուսաստան ու Եվրոպա. Մամեդյարով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Այդ հանդիպումների արդյունքներով Ադրբեջանի ԱԳՆ-ում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Մամեդյարովն ընդգծել է երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան: Վերջին երկու տարում երկու երկրների նախագահները հանդիպել են 4 անգամ, երկու երկրների մոտ 20 նախարարներ կատարել են փոխադարձ այցեր:

Նա ընդգծել է, որ երկու երկրների նախագահները համապատասխան հանձնարարականներ են տվել հարաբերությունների զարգացման համար: Մամեդյարովի խոսքերով՝ բանակցությունների ժամանակ քննարկվել են հարաբերությունների բոլոր ասպեկտները՝ ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը, մշակույթը, ինչպես նաև Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի միջև եռակողմ շփումները, Կասպիցի իրավական կարգավիճակը, էներգետիկան, երկաթուղային հաղորդակցությունը և այլն.

«Հաջորդ շաբաթ իրանցի մի շարք նախարարներ կայցելեն Ադրբեջան, իսկ Բաքվից պատվիրակություն կմեկնի Իրան: Այդ ամենն էլ ավելի կամրապնդի երկկողմ հարաբերությունները»: Մամեդյարովը հավելել է, որ պատրաստվում է Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում:

Մամեդյարովի խոսքերով՝ քննարկվել է Աստարայի միջով երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության բացման գաղափարը. «Իրանն այդ ճանապարհով ցանկանում է դուրս գալ դեպի Ռուսաստան ու Եվրոպա»:

Տեսանյութեր

Լրահոս