Բաժիններ՝

Հայկազ Բարսեղյանի հայրը չի հավատում, որ սպանության 4 կասկածյալները մեղավոր չեն

«Գիտեմ, որ ընթացքի մեջ է գործը: Ես հարցրել եմ քննիչներին, նրանք ասում են, դե,  ինքնըստինքյան այդպես պետք է ասեն, գործը գնում է, ընթացքի մեջ է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ կալանավորված 4 կասկածյալներն էլ հրաժարվում են իրենց մեղավոր ճանաչելուց, նման տեսակետ հայտնեց Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

Ա. Բարսեղյանը նշեց, որ սպանության առթիվ հարուցված գործի մանրամասների մասին ինքը չգիտի, հետևում է մամուլի հրապարակումներին և իրենց փաստաբանի հետ է զրուցում:

Նա չի հավատում, որ այդ 4 կասկածյալները մեղավոր չեն, քանի որ ականատեսներն ուրիշ բան են պատմում:

«Ես Վաչե Սահակյան կոչեցյալի մասին էլ եմ կարդացել, որ նա ամենավերջին տականքի նման հայտարարում է, որ ինքն ու Հայկազն ընկերներ են եղել: Բայց գիտեմ, որ գլխավորը հենց Վաչեն է եղել, մեկ էլ՝ այդ գնդապետի տղան»:

Հարցին՝ այդ տեղեկություններն ականատեսնե՞րն են պատմել, Ա. Բարսեղյանը պատասխանեց, որ այն սենյակում եղածներն են պատմել, որտեղ տեղի է ունեցել սպանությունը.

«Ես փաստաբանի հետ էլ եմ խոսել, ասում են՝ աշխատում են, նորմալ գնում է աշխատանքը»:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի համակուրսեցիներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս