Միքայել Մելքումյանը չհերքեց, որ ներքաղաքական այս գործընթացների հետևում կանգնած են Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում կարծիք հայտնեց, որ իշխանությունների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև սկսված հակամարտությունը կարող է քաղաքական խաղ լինել, որի հետևում կանգնած են Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը:
Լրագրողի հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ այս հարցում պայմանավորվածություն լինի Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի միջև, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն այսպես պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը մի անձնավորություն է, ով մեծ վաստակ ունի այս երկրի պետականաշինության գործում, հատկապես այդ տարիներն աչքի են ընկել տնտեսական զարգացման մակարդակով, որոնք շատ են տարբերվել այսօրվա վիճակից: Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հանդես է գալիս եղած գործընթացների մասին իր մտահոգություններով, իր դիտարկումներով: Կարծում եմ՝ այս փուլում ինքը նույնպես հանդես կգա և ինքը մտահոգ է երկրի ներկա և ապագա վիճակով»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ փաստորեն չհերքեցի՞ք, որ նման բան կա, Մ. Մելքումյանն այսպես արձագանքեց. «Ես չեմ կարող պնդել, քանի որ ես նման տեղեկատվություն չունեմ»: