«Այս քաղաքական ուժերի հետևում ինձ համար ակնհայտորեն կանգնած են՝ մի կողմից՝ Սերժ Սարգսյանը, մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը». Սոս Գիմիշյան (տեսանյութ)

«Մեր ամբողջ գործունեությունը եղել է ընդդիմադիր գործունեություն, մենք գնացել ենք առանց ցնցումների ճանապարհով, այս պետությանը նոր ցնցումները կործանարար կարող են լինել, բայց այս վերջին դեպքերն ուղղակի արագացրեցին դեպքերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ոչ իշխանական Եռյակի գործունեության մասին:

Նա նկատեց, որ իրենք՝ ԲՀԿ-ն և ոչ իշխանական ուժերի Եռյակը, քաղաքական օրակարգը չի փոխել, պարզապես նախագահի այդ ելույթից հետո ազգային մոբիլիզացիան ավելի արագ եղավ, ու հիմա իրենք գնում են արտահերթ  նախագահական ընտրությունների:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի համար ակնհայտ է, որ հակամարտող երկու կողմերն էլ իրենց գործողություններով՝ կամա թե ակամա, սրել են իրավիճակը երկրում, որը Հայաստանին աշխարհաքաղաքական այս գործընթացների ներքո պետք չէ:

Նրա խոսքով՝ սա առաջին անգամն է, որ երկու կողմի հետ էլ ինքը համաձայն է: «Մի կողմն ասաց՝ սա է չարիք, մյուս  կողմն ասաց՝ սա է չարիք: Նրանք միասին են եղել ժամանակին, իշխանություն են իրականացրել, և այսօրվա իրավիճակը նաև այն տարիների հետևանք է: Ես կուզենայի, որ իսկապես քաղաքական դաշտը հանձնվի քաղաքական գործիչներին: Եթե իշխանությունը նաև իր կողմը նայի, ապա համոզված եմ, որ ԱԺ-ում  1, 2, 3 հոգի մարդ կմնա, կառավարությունում էլ, կարող է, ընդհանրապես մարդ չմնա»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Ս. Գիմիշյանը նաև չի բացառում, որ այս ամենը կարող է քաղաքական խաղ լինել, որի հետևում կանգնած լինեն Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը. «Չեմ բացառում, որ սա լինի քաղաքական խաղ՝ քաղաքական դաշտը հստակեցնել 2 քաղաքական ուժերի միջև: Իմիջիայլոց, Սահմանադրական փոփոխություններում այդպիսի գաղափար ներդրված կա, որ բերեն երկիրն այն վիճակի, որ երկու խոշոր քաղաքական ուժ լինի, այս քաղաքական ուժերի հետևում ինձ համար ակնհայտորեն կանգնած են՝ մի կողմից՝ Սերժ Սարգսյանը, մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը»:

Մ. Մելքումյանը նշեց, որ աբսուրդ է, թե պայմանավորվածություն կա իշխանության և ընդդիմության միջև.

«Իշխանությունն իսկապես տեսավ, որ Սահմանադրության շուրջ պայմանավորվելու միջանցք չկա, առաջացավ այս իրավիճակը, բայց իրավիճակը չսրվեց ոչ իշխանական ուժերի կողմից, ընդամենն արագացան գործընթացները, թե դա ի՞նչ պլան է նշանակում՝ ես չգիտեմ»:

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ ժողովուրդը կանգնած է իրենց կողքին: Լրագրողներից մեկը նկատեց, որ իշխանական և ընդդիմադիր, այլընտրանքային գործիչներին երբ հարմար է՝ բոլորը սկսում են խոսել ժողովրդի անունից: Լրագրողը նաև հիշեցրեց, որ 2013 թվականի ընտրությունների ժամանակ, երբ ձայների մեծամասնությամբ երկրորդ տեղը գրավել էր «Ժառանգություն» կուսակցությունը, նույն ժողովուրդը դուրս եկավ փողոց, իսկ «Բարգավաճ Հայաստանն» այդ ժամանակ որևէ գնահատական չհնչեցրեց: Հարցին՝ մի՞թե այդ ժամանակ կեղծված չէին ընտրությունները, որ հիմա Դուք խոսում եք ժողովրդի անունից, Մ. Մելքումյանն այսպես արձագանքեց.

«Մենք ժողովրդի պահանջով ենք գնում առաջ: Կան քաղաքական համակեցության ձևաչափեր, ամեն ինչ պետք է հասունանա իր ժամանակին: Ինչ վերաբերում է «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» հարաբերությանը՝ ամեն կուսակցություն իր ճանապարհով է գնում, ամեն ինչ պետք է հասունանա: Պրոցեսները հիմա են հասունացել, մենք շարժվում ենք առաջ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ԱԺ ոչ իշխանական ուժերի Եռյակն Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել: Մ. Մելքումյանը նշեց, որ այդ ժամանակ ժողովուրդն ինչ որոշի՝ այնպես էլ անելու են: Հնարավոր է՝ լինեն նստացույցեր, պարբերական հանրահավաքներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս