«Ոստիկանությունը, իմ կարծիքով, սկսել է լուրջ վտանգ ներկայացնել արդեն հասարակությանը, նրա առողջությանը, բարոյականությանը». Ավետիք Իշխանյան
Փետրվարի 11-ին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի առաջ՝ պահանջելու մի քանի ամիս առաջ նախագահին ուղղված իրենց դիմումի պատասխանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայր Անահիտ Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ 10-15 րոպե կանգնելուց հետո ոստիկաններն իրեն հորդորել են անցնել դիմացի մայթ: Կնոջ խոսքով՝ այդ ընթացքում ոստիկանները կարծես թե հրահանգ են ստացել իրենց դիմացի մայթ տեղափոխելու համար:
Զոհված զինծառայողի մայր Գոհար Սարգսյանն էլ ասաց, որ այդ ժամանակ ինքը կապվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի հետ՝ խնդրելով գալ և պարզել, թե ո՞րն է խնդիրը: Գոհար Սարգսյանի պատմելով՝ ոստիկաններն արդեն սկսել էին հրել իրենց, երբ ինքը դեռ խոսում էր հեռախոսով, և անցել է մյուս մայթ՝ զրույցը շարունակելու, ապա վերադարձել: Նրա խոսքով՝ երկու ոստիկան բռնել են իր ձեռքերից և հրել.
«Ոտքս սայթաքեց՝ ընկա»: Նրա խոսքով՝ երբ արդեն ուշքի է եկել, եղել է մյուս մայթին:
«Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանն ասաց, որ այս տարվա սկզբից Ոստիկանությունն ավելի կոպիտ և ծայրահեղ միջոցներ է կիրառում ցանկացած տեսակի ակցիայի մասնակիցների նկատմամբ:
Նրա խոսքով՝ փետրվարի 11-ին նախագահական նստավայրի դիմաց ոստիկանների գործողությունները ոչ մի կերպ իրավաչափ չեն:
«Տիկին Գոհարին փողոցի ամբողջ լայնությամբ այդտեղից քարշ տալով հեռացնելը որևէ ձևով Ոստիկանության կողմից չի կարող արդարացվել: Այսինքն՝ տվյալ պարագայում չի կարող վկայակոչվել ոչ մի օրենք, որը կարդարացնի նրանց գործողությունը»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ ասաց, որ ամաչում է Հայաստանի համար, որ փետրվարի 11-ին նման դեպք է տեղի ունեցել: Գնահատելով խաղաղ հավաքների ընթացքում Ոստիկանության գործողությունները՝ Ավետիք Իշխանյանն ասաց, որ 2013թ. սկսած իրավիճակը լարվել է, և սկսվեցին Ոստիկանության ոչ համաչափ գործողությունները խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ:
«Կարծես թե մի հրահանգ եկած լինի: Ես արդեն սկսել եմ համոզվել՝ կա հրահանգ՝ ուղղակի ամեն տեղ բռնություն գործադրել, և Ոստիկանությունը, իմ կարծիքով, սկսել է լուրջ վտանգ ներկայացնել արդեն հասարակությանը, նրա առողջությանը, նրա բարոյականությանը»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Նա նշեց, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին կառաջարկեր փոխել փողոցներում տեղադրված վահանակների բովանդակությունը, թե Ոստիկանությունը ծառայում է ժողովրդին, և դրա փոխարեն՝ գրել. «Ծառայելով իշխանություններին՝ ծառայում ենք անօրինականությանը»:
«Հայաստանը մարդու իրավունքների, այդ թվում՝ խաղաղ հավաքների հարցերում իրեն բավական զուսպ էր պահում, որովհետև իր համար շատ կարևոր էր Եվրոպայի կարծիքը: Թերևս, պատճառներից մեկը ԵՏՄ-ին անդամակցելն է. այդ պետություններում բացարձակապես չեն գործում այդ արժեքները»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Գոհար Սարգսյանն ասաց, որ փետրվարի 11-ին իրենց հետ կատարված դեպքից հետո գնացել են Ոստիկանություն, ներկայացրել իրենց բողոքը, Հակոբյան ազգանունով ներկայացած անձը լսել է իրենց.
«Ասաց՝ ճիշտ են վարվել ոստիկանները: Նույնիսկ կարող էին դուբինկեքով ծեծել»:
Ավետիք Իշխանյանն ասաց, որ հնարավոր է՝ ձևականորեն ծառայողական քննություն կատարվի, սակայն պատիժ չի լինի. հրաման տվող ու պատժողն այս դեպքում նույն մարդն է: