Բելառուսը չի դիտարկում ԵՏՄ-ից դուրս գալու հնարավորությունը. Լուկաշենկո
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը ներկայումս չի դիտարկում ԵՏՄ-ից դուրս գալու հնարավորությունը, որը սկսել է գործել մեկուկես ամիս առաջ:
Երկու շաբաթ առաջ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը կարող է դուրս գալ ԵՏՄ-ից, եթե միության գծով գործընկերները չպահպանեն ԵՏՄ-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Լուկաշենկոն մասնավորապես դժգոհություն էր հայտնել «մսային ու կաթնային պատերազմների» կապակցությամբ:
Լուկաշենկոն այժմ հայտարարել է, որ իրենք շատ շահավետ են համարում ԵՏՄ-ին իրենց անդամակցելը և հեռանկար են տեսնում դրանում: Նա ընդգծել է, որ որևէ երկիր չի ստորագրում այնպիսի պայմանագրեր, որոնցից չունենա հետագայում դուրս գալու իրավաբանական հնարավորություններ:
Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն ու Ռուսաստանի նախագահը ոչ միայն հարազատ եղբայրներ են, այլև՝ ընկերներ: