
Ալի Խամենեին նամակ է հղել Բարաք Օբամային. WSJ

Ամերիկյան The Wall Street Journal թերթի փոխանցմամբ` Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին պատասխանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անձնական նամակին, որն ուղարկվել է նախորդ տարվա հոկտեմբերի կեսերին:
Այս մասին հայտնել է Իրանի դիվանագիտական շրջանակների աղբյուրը: Հոկտեմբերյան ուղերձում շոշափվել են երկու հարցեր. աջակցություն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կամպանիայում, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի համաձայնություն:
Պարբերականի զրուցակիցը հայտնել է, որ նամակն ուղարկվել է մի քանի շաբաթ առաջ, դրա տոնը եղել է հարգալից, սակայն խուսափողական: Դիվանագետը չի հայտնել, թե Խամենեին ինչ է պատասխանել Օբամային: Սպիտակ տանը հրաժարվել են հաստատել Խամենեիից նամակ ստանալը: