Կահիրեում մեկնարկում է Կատարի օգտին լրտեսություն կատարելու մասին Մուրսիի գործի քննումը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Եգիպտոսի մայրաքաղաքում այսօր սկսվում է նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ դատական նոր գործընթաց, որին պաշտոնանկ են արել մեկուկես տարի առաջ:
Նա և «Մուսուլման եղբայրների» 10 առաջնորդներ մեղադրվում են գաղտնի փաստաթղթեր հրապարակելու և Կատարին Al Jazeera հեռուստաալիքի միջոցով Եգիպտոսի բանակի ու նրա բյուջեի մասին ռազմական հետախուզության տվյալներ հաղորդելու մեջ:
Մուրսին առաջին անգամ չէ, որ մեղադրվում է լրտեսության մեջ: Նախորդ տարվա փետրվարի 16-ին Կահիրեում մեկնարկել է օտար երկրների օգտին լրտեսություն կատարելու գործընթացը: Նախկին նախագահի դատավճռի հրապարակումը պլանավորված է մայիսի 16-ին:
Հետաքննությունը տվյալներ ունի, որ իսլամականները` ներառյալ Մուրսին, կապեր են պահպանել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, լիբանանյան Հզբոլլահ շիական խմբավորման և Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հետ:
Մեղադրող կողմը կարծում է, որ նման «համագործակցությունը» հանգեցրել է մեկ այլ պետության ռազմական գաղտնիք հայտնելուն` կապված Եգիպտոսի պաշտպանունակության հետ: