«Երբևէ տեսե՞լ եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ մեկին պաշտպանի, ինքն իրեն է պաշտպանում». Պ. Հայրիկյանը՝ Ր. Հովհաննիսյանի՝ Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնելու մասին
«Ժողովրդավարական հայրենիք», «Ժառանգություն», ԱԻՄ, «Հայոց համազգային շարժում», Պահպանողական, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները և Հիմնադիր խորհրդարանը պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ են ունենալու: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայիկյանը՝ նշելով, որ մասնակցում են այն կուսակցությունները, որոնք համարում են, որ մարդու իրավունքները և Հայաստանի ինքնիշխանությունը այն նպատակն ու միջոցն են, որով պետք է դիմագրավեն հայությանը սպառնացող մարտահրավերներին:
Նա նշեց, որ արդեն մի քանի հանդիպում տեղի է ունեցել, որոնցից մեկը եղել է երեկ՝ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում:
Նշենք, որ ասուլիսի ժամանակ Պ. Հայրիկյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև սկսված հակամարտության մասին, ասաց, թե տպավորություն ունի, որ արհեստական բևեռացում է կատարվում. «Մի քանի օր առաջ երբ մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներով հավաքված քննարկում էինք իրավիճակը (դա այս երևույթից առաջ էր), մենք բոլորս ընդգծեցինք, որ փորձ է արվում Հայաստանում գոյություն ունեցող մի բևեռը բաժանել 2 մասի, այնպես անել, որ 2 բևեռն էլ լինեն նույնը: Իրենց հենտաքրքրում է ամեն ինչ, բացի հայ մարդու ազատագրումից, Հայաստանի պետականության ամրապնդումից»:
168.am-ի հարցին՝ նույն «ժառանգություն» կուսակցությունը, որի հետ դուք քննարկումների եք մասնակցում, ոչ իշխանական եռյակի կազմի մեջ է, եթե եռյակը պայքար սկսի, որտե՞ղ է լինելու« Ժառանգություն» կուսակցությունը՝ Ձե՞զ հետ, թե՞ եռյակի, Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց.
«Ձեզ խնդրեցի մեզ դեռևս բևեռ չհամարեք: Րաֆֆի Հովհաննիսյանը և մյուսները հարաբերությունների մեջ են եղել անցյալում, մեզ համար շահեկան խնդրի վերաբերյալ «Ժառանգությունը» երբեք ինքնաուրացում, ինքնամերժում թույլ չի տվել: Նույնիսկ եղել են հակադրություններ, երբ այդ եռյակի անդամներից մեկն ասել է այս գործընթացն անշրջելի է, Րաֆֆի Հովհաննիսյանը տեղում փորձել է ձայն ստանալ և ասել, որ՝ ոչ, ինքն այդ կարծիքին չէ: Այնպես որ, դուք տարբեր ուժերի հարաբերությունների և նրանց սկզբունքայնության մասին պետք է մի քիչ սպասեք՝ վերջնական գնահատական տալու համար»:
Մեր ճշտող հարցին էլ՝ եթե հիմա եռյակը կանգնի Գագիկ Ծառուկյանի կողքին ու պայքար սկսի, դուք էլի շարունակելո՞ւ եք ձեր համագործակցությունը «Ժառանգության» հետ, ԱԻՄ առաջնորդն այսպես պատասխանեց.
«Դուք ինձնից լավ եք ծանոթ եռյակի անդամների ուժերի հավակնություններին, տրամադրություններին, դուք հավատո՞ւմ եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով եռյակի կազմում, սատարում է ինչ-որ մեկին, թե՞ հետապնդում է իր նպատակները: Դուք երբևէ տեսե՞լ եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ մեկին պաշտպանի, ինքն իրեն է պաշտպանում, իր սկզբունքները, այդպես են գործում քաղաքական գործիչները:
Այստեղ խոսքը չի վերաբերում ինչ-որ մեկին պաշտպանելուն, մինչև ինչ-որ մեկին պաշտպանելու հարցի առաջացումն էլ այդ եռյակը գործում էր: Ես եռյակին չեմ ողջունում այն պատճառով, որ դա հակաանկախական միավորում է, և «Ժառանգությունն» այդ հակաանկախական միավորման մեջ է ոչ թե այն պատճառով, որ դա հակաանկախական է, այլ այն պատճառով, որ այդ եռյակը կարող ինչ-որ բան փոխել»:
Մանրամասները՝ տեսանյութում: