«Տպավորություն ունեմ, որ արհեստական բևեռացում է կատարվում». ԱԻՄ առաջնորդը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին (տեսանյութ)

«Հայ ժողովրդի բոլոր դարերի հիմնական խնդիրը եղել է Հայաստանի անկախությունը, եթե Հայաստանում ինչ-որ գործընթաց է ընթանում, որը կապ չունի անկախության հետ, ապա դա հայության հետ ոչ մի կապ չունի»,- այս կարծիքին է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանին ուղղված կոշտ ելույթի և դրանից հետո սպասվող գործընթացների մասին: Նա մեջբերեց նաև Ռաֆայել Պատկանյանի հետևյալ խոսքերը. «Հայ է նա, ով պայքարում է անկախության համար, մյուսները ամեն ինչ են, բացի հայ լինելուց»:

Նա նշեց, որ այդ ԲՀԿ առաջնորդի և նախագահի միջև սկսված այս հակամարտության հիմքում չկա անկախության հետ կապված որևէ բան.

«Կան մարդկանց վիճակի վերաբերյալ տարաձայնություններ, բայց դրանց մասին կարող էին խոսել ամեն ոք, բացի այս երկու անձերից, որովհետև նրանք երկար տարիներ թիմով իրար հետ են եղել:

Ինչո՞ւ պետք է մենք այսօր անդրադառնանք նրանց հարաբերությունների նույիսկ 1 %-ն էլ չկազմող ժամանակահատվածին, և հիմք չհամարենք նրանց հարաբերությունների 99 տոկոսը»:

Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ սա առայժմ միայն դրվագ է, և ինքն այնպիսի տպավորություն ունի, որ արհեստական բևեռացում է կատարվում. «Մի քանի օր առաջ, երբ մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներով հավաքված քննարկում էինք իրավիճակը (դա այս երևույթից առաջ էր), մենք բոլորս ընդգծեցինք, որ փորձ է արվում Հայաստանում գոյություն ունեցող մի բևեռը բաժանել 2 մասի, այնպես անել, որ 2 բևեռն էլ լինեն նույնը: Իրենց հետաքրքրում է ամեն ինչ, բացի հայ մարդու ազատագրումից, Հայաստանի պետականության ամրապնդումից:

Կարծում եմ՝ ավելի մեմ ուշադրություն այս երևույթը չի պահանջում, նույնիսկ եթե փողոց դուրս բերվեն հարյուր հազար հոգի, նույնիսկ եթե այդ փողոց դուրս եկած մարդիկ կամավոր գան և ոչ թե գան իշխանական լծակների կամ դրամի ու սպառնալիքների ազդեցության տակ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս